Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքրման կայանների ստեղծման հարցը միանշանակ չընդունվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-2

Բնապահպանության նախկին եւ ներկա նախարարների կարծիքները չեն համընկնում ջրահեռացման՝ կոյուղաջրերի եւ արտադրական կեղտաջրերի համակարգման, դրանք՝ որպես տարբեր նպատակներով օգտագործելի ջրային ռեսուրս ընկալման հարցում: «Հարությունյան Արամը, ինչ-որ մղումներից ելնելով, ասենք, դրել է մի հատ մաքրման կայան, տարբեր ձկնաբուծարաններից վերցնում է եւ մաքրման աշխատանք է իրականացնում: Այսպիսով, ոչ հավասար պայմաններ են ստեղծում առաջնային ջրօգտագործողի համար, երկրորդայինն էլ ինքը չէ: Էս մասը կխնդրեի վերանայեինք, քրիստոնեական ձեւակերպում տանք, որպեսզի հետագայում հնարավորություն չտանք այլ մոտեցումներ կամ այլ բաներ կիրառենք»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը, նշեց Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը: «Հիմա, եթե մենք նրան տանք հնարավորություն, այ, եթե դու մաքրես եւ մաքրված ջուրը մղես, ասենք, գետային ավազան, դու ոչ միայն 2-րդի համար չես վճարում, այլեւ առաջինից ես արտոնություն ստանում»,- պարզաբանեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Արամ Հարությունյանը հանդես էր գալիս որպես հարակից զեկուցող: Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ շուրջ 600 համայնքում չկա ջրամատակարարում եւ հետեւաբար՝ ջրահեռացման համակարգ.  «Իմ իմանալով՝ «Վեոլիա ջուրը» բացարձակ հետաքրքրված չէ այդ համայնքներում՝ ո՛չ ջրամատակարարման համակարգեր կառուցելով, ո՛չ էլ ջրահեռացման, քանի որ տնտեսապես շահավետ չէ: Եթե այդպիսի մեծ ընկերությունը չի ցանկանում ներդրումն անել ու շահույթ ստանալ, քանի որ իր հաշվարկներով դա շահավետ չէ, ապա ի՞նչ անել այդ դեպքում»: «Էս օրենսդրական նախաձեռնության նպատակն է հստակեցնել հասցեատերերին՝ պատասխանատու սուբյեկտներին, նաեւ՝ ստեղծել մի մեխանիզմ, հնարավորություն, որպեսզի ջրամատակարարումն ու ջրահեռացումը, իրարից տարանջատելով, շանս տանք՝ մի կողմից սահմանելով խաղի կանոններ՝ նույն օբյեկտների համար, որոնք աղտոտում են, 2-րդը՝ մասնավորին հնարավորություն տալ, որպեսզի ինքը մասնակցի ու այդտեղ տնտեսական գործունեություն դիտարկի»,- նշեց Արծվիկ Մինասյանը:    «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին այնքան էլ չէր գոհացրել այս նախագիծը, քանի որ այն համարում են ավելորդ ծախս բնակչության համար: Խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանն անդրադարձավ իր ծննդավայր Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Սեւանա լճի խնդիրներին.  «Սեւանա լիճը համարվում է տարածաշրջանում եւ աշխարհում խմելու ջրի երկրորդ պաշարը, եւ հանրապետության առվակները, գետերը վերջնաարդյունքում լցվում են Սեւան։ Ի՞նչ է կատարվելու, թե գյուղական, թե քաղաքային համայնքներում օրենքի ընդունումից հետո»: «Գեղարքունիքի մարզն ու Սեւանա լիճն այն բնական էկոհամակարգն են, որ մաքրության տեսանկյունից պետք է օրինակ ծառայեն: Ցավոք, այսօր մենք ունենք Սեւան լցվող գետերից մեծ մասից աղտոտումներ մեծածավալ եւ ընդամենը 3 մեխանիկական մաքրման կայան տեղադրված: Օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս, որ պարտադրանքի ժամկետ տալով 2025-2030թթ. փորձել դրամաշնորհներով առավել ակտիվ մաքրման կայանների հարցը լուծել»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:             Արդյունքում՝ «Ծառուկյան» խմբակցության հանձնաժողովի նիստին ներկա երկու անդամները դեմ քվեարկեցին, Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ ձեռնպահ, իսկ իշխանական կոալիցիայի 6 պատգամավորները՝ կողմ, թեեւ, Բնապահպանության նախկին նախարար, այժմ՝ ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ որոշակի վերապահումներ ուներ: Նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: