«Թանկացումների դեմ միտինգներով պայքարելը դոնկիխոտություն է»

Ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի՝ թանկացումները բնավ էլ անսպասելի չէին. 2017թ. ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններն արդեն իսկ ծրագրում էին որոշակի ապրանքների գների բարձրացում՝ ծխախոտի, խմիչքի, բենզինի և այլն:

Գնաճի խնդիրը քաղաքականացնելը նա համարում է անտեղի. «Միտինգներով, ցույցերով պայքարելը նման է դոնկիխոտյան պայքարին»:

«Թանկացումներն ու գնաճը տարբեր բաներ են, սակայն հաճախ դրանք շփոթում են իրար հետ,-ասում է տնտեսագետը,- եթե մի քանի ապրանքների գներ թանկանում են, չի նշանակում, որ գնաճ է տեղի ունեցել: 2017-ին փաստացի գնաճը կազմել է 2,6%»:

Ըստ բանախոսի՝ եթե գնաճային մակարդակը համեմատենք այլ պետությունների հետ, մեզանում այն ավելի ցածր է: Գործազրկության մակարդակը 2017-ին 19%-ից իջել է 16,5 %-ի, դրան նպաստել են ներդրումները, ինչ-որ առումով՝ նաև ժամանակավոր արտագաղթը:

Իր դիտարկումների համաձայն՝ կառավարությունն ի վիճակի էր ինչ-ինչ խնայողությունների հաշվին բարձրացնել աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, սակայն չարեց: «Ա1+»-ի հարցին՝ ինչ անի շարքային քաղաքացին ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական պայքարը դոնկիխոտություն է, իսկ կառավարությունը աշխատավարձ-թոշակ-նպաստները չի բարձրացնում, պատասխանեց, որ աշխատանքային շուկայում պետք է ավելի մրցակցային դառնա կամ փորձի բիզնես հիմնել՝ արտագաղթելու փոխարեն: Ինչ վերաբերում է «Ելք»-ի նախաձեռնած ակցիային՝ ապա պարոն Մարգարյանի կարծիքով այն արդեն իսկ իր պտուղները տվել է՝ ՀՀ նախագահի հետ հանդիպումով և համապատասխան հանձնարարականով:

Տնտեսագետն առաջարկում է տարածաշրջանային երկրներից դիվերսիֆիկացնել ներկրումները՝ թանկացումները զսպելու համար, օրինակ՝ էներգակիրներ ներկրել Իրանից:

Մանրամասները տեսանյութով՝ ավելի ուշ: