Հայաստանի կլիման կարող է տրոպիկական դառնալ (տեսանյութ)

Սահարա անապատում օրեր առաջ ձյուն էր տեղում, իսկ Երևանում այսօր «գարուն է»: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանության կենտրոնը մեկ  անգամ չէ, որ այս ձմռան համար կանխատեսել է՝ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի կամ կդիտվեն եղանակային անոմալիաներ: Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը սա անսպասելի չի համարում։

«Կլիմայի գլոբալ փոփոխություն է տեղի ունենում: Սա գիտնականների համար զարմանալի չէ, որովհետև արդեն տասնամյակներ առաջ այդ նախազգուշացումը եղել է գիտնականների կողմից, որ եթե մարդկությունը այսպես շարունակի իր վերաբերմունքը բնության նկատմամբ, ապա շրջակա միջավայրն այնպես կփոխվի, որ մարդն այլևս չի կարողանա ապրել այս մոլորակի վրա»,- նշում է Կարինե Դանիելյանը:

Կլիմայական փոփոխության դեմ ընթացող պայքարի աշխատանքները կառուցվում են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հիման վրա: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին 50 տարվա ընթացքում աղետների քանակը եռապատկվել է: Կլիմայական փոփոխությունները հատկապես նկատելի են գյուղատնտեսությամբ զբաղվող չոր և տաք կլիմա ունեցող երկրների դեպքում: Հայաստանում փոփոխությունները ևս անխուսափելի չեն:

«Հնարավոր են փոփոխություններ, օրինակ՝ ըստ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային զեկույցի՝ պետք է,  որ և անապատացման ռիսկերն աճեն, և ջրային ռեսուրսների կրճատման ռիսկերը, բայց կան նաև այլ կանխատեսումներ, որ հակառակը՝ տրոպիկական կարող է կլիման դառնալ, և կարող է բնությունը փոխվել դրական ուղղությամբ: Սկզբունքորեն այնքան է ապակայունացվել համակարգը, որ ինչ-որ բան լրջորեն կանխատեսել ինձ թվում է՝ հնարավոր չէ»,- ասում է բանպահպանը:

Հայաստանյան այս տեսակ ձմեռն առաջին հերթին կհարվածի գյուղատնտեսությանը: Եթե եղավ սառնամանիք, ձյուն և սառցակալում, ապա մենք բերքի զգալի մասը կկորցնենք:

Անկախ նրանից, որ օդերևութաբանները այս ձմեռը եղանակային անոմալիա են որակում, այնուամենայնիվ քաղաքացիները գոհ են: