Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես նյութերին չեմ տիրապետում, չեմ կարող հետեւություններ անել» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-1

Ցանկացած հանցագործություն դեռ անպատժելիության հետեւանք չէ: Կարծում է նախկին Գլխավոր դատախազ, այժմ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով Երեւանում օրեր առաջ քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճըվճվ Արո) որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով զոհվեցին ՃՈ երկու աշխատակիցներներ. «Հիմա ես չգիտեմ՝ նա առանց վարորդական իրավունքի՞ է եղել, արդյոք նա վարելու իրավունք ունի՞, սակայն վկայականը չի եղել, արդյոք ճանապարհային երթեւեկության խախտում թույլ տվե՞լ է, թե ոչ: Ես նյութերին չեմ տիրապետում, չեմ կարող հետեւություններ անել»:     ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանությունն իր գործողությունները կատարել է ըստ պատշաճի. երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած Սարգիս Վարդանյանը 2014 թվականից ի վեր զրկված է եղել վարորդական իրավունքներից՝ խնդիրը պետք է փնտրել համակարգի այլ օղակներում: «Թյուր կարծիք է, երբ իրավապահ համակարգում քննարկվում է հետեւյալը՝ ես բռնեցի, բերեցի, դու հիմնավորի. այդպես չի լինում: Եթե ոստիկանապետի տեղակալը ներկայացնի տվյալ անձի մեղավորությունը հաստատող՝ նախկինում կատարված արարքների համար փաստաթղթեր եւ հիմնավորի, որ դրանց հիման վրա Քննչական մարմինը կամ դատախազությունը պատշաճ ընթացակարգ չեն ապահովել, իհարկե, դատախազը կարող է այդ բոլոր գործերը վերաբացել»,- նշեց Գեւորգ Կոստանյանը: Գեւորգ Կոստանյանը դիտարկումներ ուներ նաեւ «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Նախագիծը վերաբերում է ձերբակալման որոշման բողոքարկմանը՝ անձին ձերբակալելիս պետք է ներկայացվեն պատճառները: Նա առաջարկում է ձերբակալված անձին տրամադրել նաեւ գործով անցնող բոլոր նյութերը, երբ նա կորոշի բողոքարկել. «Եթե նա որոշել է բողոքարկել, սակայն իր ձեռքի տակ չունի բոլոր նյութերը, ապա նրա բողոքարկումը կլինի ապրիորի, ոչ հիմնավորված, ինչը նշանակում է, որ դատարանը՝ ցանկացած դեպքում, կարող է չհիմնավորված համարել բողոքը եւ մերժել, քանի որ բողոքարկող սուբյեկտը չի ունեցել բոլոր նյութերը, որոնք հիմնավոր կդարձնեին իր բողոքարկումը»: «Անձին ձերբակալելուց 4 ժամ հետո բոլոր փաստաթղթերը անձին պետք է արդեն իսկ ներկայացված լինեն», պարզաբանեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:  Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ ձերբակալված անձի իրավունքները: «Եթե ձերբակալումից մինչեւ ոստիկանության ստորաբաժանում՝ այս ճանապարհին մենք չենք կարող իր իրավունքները ապահովել, ապա դա այդպես էլ պետք է գրվի, այսինքն՝ այս դեպքում անձը կարող է լռություն պահպանել, իմանալ իր՝ ազատությունից զրկվելու պատճառը»,- նկատեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: «Էստեղ, ըստ էության, դիֆերենցացիա է պետք՝ տարբերակված պետք է լինի՝ որ իրավունքը երբ է ծագում, երբ այդ իրավունքի ծագման պահը սկզբունքորեն դուք համարում եք, որ հետեւանքային նշանակություն ունի: Ինքը մեքենայի մեջ է, զանգում է փաստաբանին,  ասում է՝ արի, գնում եմ այսինչ տեղը, զանգում է իր ընտրած մարդուն՝ տեղեկացնում է, թե ինքը որտեղ է: Էդ իրավունքն այդ պահին ինքը պետք է ունենա»,- նշեց ԱԺ  փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:             Նախագիծը դրական եզրակացությամբ մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: