Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները առաջարկ են ստացել ՊԵԿ-ից

Քաղաքականություն
default

Բագրատաշենի մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ընկերության գործունեությունը դադարեցվել է: Այս մասին  «Ա1+»-ին տեղեկացրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ Արթուր Ամիրալյանը: Ըստ նրա՝ ԱՊՊԱ գործակալությունները նախկինի պես աշխատում են և ՊԵԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բանավոր առաջարկություն են ստացել մտածել մաքսակետի տարածքում հավասար պայմաններով աշխատելու վերաբերյալ: «Առաջարկը հիմա քննարկում ենք, կան տեխնիկական հարցեր, ընդհանուրի հետ համաձայնություն, մեր ընկերությունների հետ աշխատելու համաձայնություն... Պետք է այդ ամենի շուրջ ընդհանուր հայտարարի գանք»,-ասում է պարոն Ամիրալյանը: Առաջարկն ԱՊՊԱ գործակալներին արվել է երեկ: Վերջիններս արդեն քննարկումներ են անցկացրել միմյանց և յուրաքանչյուրն իր ընկերության հետ: «Բոլորս էլ տրամադրված ենք հավասար պայմաններով աշխատել. եթե ներսում է՝ ներսում, եթե դրսում է՝ դրսում: Ակնկալում ենք, որ համագործակցությունը փոխշահավետ կլինի, որովհետև եզրերն արդեն կարծես թե երևում են: Վաղվանից հետո այդ ամեն ինչը կերևա»,-ասում է պարոն Ամիրալյանը: Թե ինչու էր «Թոփ-Սփին» ընկերությանը նման արտոնություն տրվել, մեր զրուցակիցը դժվարացավ նշել՝ ասելով, որ նման հարց պետական մարմնի հետ հանդիպման ընթացքում չի քննարկվել: Իսկ «Թոփ-Սփին» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ գործունեություն սկսել է՝ աճուրդում հաղթելուց հետո: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրենի տեղակալ Մանե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Թոփ-Սփինը» ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշ ապահովագրական ընկերությունների գործակալ է: «Նաիրի Ինշուրանս»-ն ունի բազմաթիվ գործակալներ և ինքը չի կարող պարզաբանել, թե որ գործակալը երբ է աշխատում, «Թոփ-Սփինը» աշխատում է կամ ոչ, քանի որ այն առանձին իրավաբանական անձ է: Հիշեցնենք, որ Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները ս.թ. հունվարի 8-ին ակցիա էին անցկացրել ընդդեմ մաքսատան տարածքում նոր գործունեություն ծավալած «Թոփ-Սփին» ընկերության և քսան րոպեով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: