Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը կյանքի որակի ինդեքսով 204 քաղաքներից 152- րդն է. Numbeo

Քաղաքականություն
map-view-quality-of-life

Համաշխարհային խոշորագույն տվյալների բազաներից մեկի՝ Numbeo- ի վերջին արդյունքներով 2017 թվականին Երևանում կյանքի որակի ինդեքսը կազմել է 112.59 միավոր՝ 204 քաղաքների շարքում զբաղեցնելով 152- րդ հորիզոնականը։ Կյանքի որակի ինդեքսը որոշելիս հաշվի են առնվում երկրի կամ քաղաքի բնակչության գնողունակությունը, անվտանգությունը, առողջապահության մակարդակը, կլիման, ապրուստի համար անհրաժեշտ մթերքների և ապրանքների գները, անշարժ գույքի շուկան, ճանապարհներն ու երթևեկությունը, ինչպես նաև օդի աղտոտվածությունը: Ամենավատ ցուցանիշները գրանցվել են Երևանի բնակիչների գնողունակության, ինչպես նաև անշարժ գույքի գների ( ի համեմատ եկամուտների) առանձին ինդեքսները հաշվարկելիս, առողջապահության մակարդակի և օդի աղտոտվածության ցուցանիշները միջին են, դրական են անվտանգության, կլիմայի, ապրուստի համար անհրաժեշտ մթերքների և ապրանքների գների և ճանապարհային երթևեկության խտության ցուցանիշները։ Հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ցանկում 151- րդն է, Երևանի համեմատ  փոքր ինչ ավելի բարձր են գնողունակության, անվտանգության և առողջապահության մակարդակի ցուցանիշները։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն 182- րդն է՝ բոլոր ցուցանիշներով զիջելով Երևանին` բացառությամբ կլիմայի։ Նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքների շարքում ամենավատ ցուցանիշը գրանցել է Մոսկվան՝ զբաղեցնելով 184- րդ հորիզոնականը` կրկին բոլոր ցուցանիշներով զիջելով Երևանին՝  բացառությամբ գնողունակությամբ և առողջապահության մակարդակով։ Ցանկը գլխավորում է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան, երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ- ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մայրաքաղաք Ռոլին, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը։ Ցանկի վերջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Պեկինը(Չինաստան), Նաիրոբին (Քենյա) և Կարակասը (Վենեսուելա)։ Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։