Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերացվել է ՌԴ-ից ավտոմեքենա ներմուծած քաղաքացու հարկային տուգանքը

Պաշտոնական
untitled_12.thumb_

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։ Ըստ դիմումատուի՝ ավտոմեքենան հաշվառելիս տեղեկացել են, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից որդու նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք: Վարչական տույժի վերաբերյալ որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, թե ավտոմեքենա ներմուծած քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված ժամկետից ուշ է հարկային մարմին ներկայացրել ներմուծման հայտարարագիրը: Քաղաքացու պնդմամբ՝ որդին որևէ հայտարարագիր չի ներկայացրել և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ որպես անհատ ձեռնարկատեր տուգանված քաղաքացին՝ հաշվառված չէ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ Ավելին, Պետական եկամուտների կոմիտեից ստացված ներմուծման հարկային հայտարարագրում բացակայում է հայտարարագրելու իրավասություն ունեցող անձի ստորագրությունը: Արդյունքում, Պետական եկամուտների կոմիտեն անվավեր է ճանաչել քաղաքացու նկատմամբ նշանակված տուգանքի որոշումը, քանի որ մեկ ավտոմեքենա ներմուծելու դեպքում ֆիզիկական անձը հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չի կրում:   Հայաստանի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին