Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնամարզիկները նոր ծրագրով կպատրաստվեն մրցաշրջան-2018-ին

Սպորտ
sport-gimnastika-10.01.

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը նոր ծրագրով կպատրաստվի մրցաշրջան-2018-ին: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց մեր թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Նախկինում մենք նոր մրցաշրջանը սկսում էինք Դոհայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության փուլով: Սակայն այս տարի հրաժարվել ենք այդ մրցաշարից եւ որոշել այդ ընթացքում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել Թբիլիսիում: Դա նախ ձեռնտու է ֆինանսապես, երկրորդ՝ հավաքին կմասնակցեն ավելի մեծ թվով մարմնամարզիկներ, որոնց հետ նպատակային աշխատանքներ կտանենք վարժությունների հղկման, նոր տարեր մտցնելու ուղղությամբ: Վրաստանում բոլոր պայմանները կան այդ աշխատանքները կազմակերպելու համար», - ասաց գլխավոր մարզիչը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը կանցկացվի հունիսին: Օգոստոսին մեր մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ խաղարկվելու են 2019 թվականի եվրոպական խաղերի ուղեգրերը: Հոկտեմբերի վերջում մեր ընտրանին հանդես կգա Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մինչ տարվա գլխավոր ստուգատեսը մեր ընտրանին դարձյալ երկշաբաթյա ուսհավաք կանցկացնի Թբիլիսիում, որտեղից էլ անմիջապես կմեկնի Քաթար: