Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ ԱԺ-ին՝ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի կազմակերպած ջարդերի վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
Larisa-Alaverdyan

Հունվարի 13-ին կլրանա Բաքվի ջարդերի 28 տարին: ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշում է, որ մինչ այսօր ոչ պատմաբանները, ոչ իրավաբանները չեն ուսումնասիրել Ադրբեջանի իրականացրած ջարդերի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը: «Մենք անում ենք չնչին աշխատանք, որից օգտվում է Ադրբեջանի՝ ստի վրա հիմնված քաղաքականությունը»,- ասում է նա: Թեպետ այժմ քաղաքացիական հասարակությունների առջև միջազգային ասպարեզում բազմաթիվ դռներ են բացվել, նրանք նույնպես ոչինչ չեն նախաձեռնում այս ուղղությամբ: Բաքվի, Սումգայիթի ջարդերը դուրս են մնացել Արցախյան հարցի կոնտեքստից, մինչդեռ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և ցեղասպանություն են. «Ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրում և կրելու է, մինչև Հայաստանն իր դաշնակիցների հետ չճանաչի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում»: «Մենք, երբ խոսում ենք, ասում ենք, որ թուրքերը հայերին կոտորում են, բայց դա հանցագործություն է մարդկության դեմ: Այսինքն՝ մեր պարտավորությունները ոչ միայն մեր ազգի առջև են, այլ՝ ամբողջ աշխարհի առջև են»,- ասում է նախկին օմբուդսմենը և առաջարկում, որ և´ Ցեղասպանության, և´ Արցախյան հիմնախնդրի դեմ պայքարը տեղափոխել գլոբալ հարթությունների մեջ, որտեղ մեր պայքարը համահունչ է առաջադեմ մարդկության խնդիրների հետ: Տիկին Ալավերդյանը կոչ արեց ՀՀ Ազգային ժողովին՝ 30 ամյակի կապակցությամբ անպայման ընդունել որևէ փաստաթուղթ, որով կհստակեցվի առնվազն այն, ինչ հստակեցրել է Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը 1988, 1989, 1990 թթ.: «Բոլոր այդ ակտերը բնութագրվել են որպես Ցեղասպանություն: Հետագայում, մոլորեցնելով բոլորին, որ ժողովրդավարության է գնում, մոռացության է տրվել մեր առաջին իշխանությունների կողմից և տեղափոխվել է գեղեցիկ խոսքերի դաշտ»,-ասում է նա: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն առաջարկել է դեկտեմբերի 9-ը ճանաչել որպես բոլոր ցեղասպանությունների օր: