Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր. Սերգեյ Փարաջանով (տեսանյութ)

Քաղաքականություն
paradjanov1

 «Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»,- ինքն իր մասին ասում էր Սերգեյ Փարաջանովը։ Հայաստան եկած պատվավոր հյուրերին առաջինը ներկայացնում են Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը և հպարտանում, որ աշխարհահռչակ  հանճարը հայ է ու նրա թանգարանն էլ գտնվում է Երևանում։ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելու ունեցող թանգարաններից է։ Սակայն, ըստ թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի՝  կարևորը այցելուների քանակը չէ։ «Մարդ կա, գալիս է, որ ասի՝ եղել եմ այս թանգարանում,- ասում է նա։ -Կան, որ չիմանալով գալիս են, բայց տպավորված գնում են, սա էլ կա։ Իսկ կան նրա արվեստի երկրպագուները, որոնք նրա պահանջը զգում են ու գալիս են էմոցիա ստանալու»։ Թանգարանի տնօրենը կարևորում է հատկապես երեխաների այցը։ Այս տարի լրանում է թանգարանի բացման 27 տարին։ «Փարաջանովը շատ էր ուրախացել այս տան համար, մի քանի անգամ նույնիսկ եկավ, երբ տունը քիչ թե շատ կառուցված էր, խորհուրդներ տվեց»,- հիշում է Զավեն Սարգսյանը։ - 1988-ի երկրաշարժի ժամանակ շինարարությունը դադարեց, իսկ երբ թանգարանը 1991-ին բացեց իր դռները, ցավոք Փարաջանովն արդեն հեռացել էր կյանքից»։ Թանգարանի սրահներում ցուցանմուշները հաճախ փոխում են իրենց ցուցադրության տեղը։ «Ինչպես Փարաջանովը սիրում էր անընդհատ փոփոխել տան կահ- կարասին»-  ասում է Զավեն Սարգսյանը։ Այս տարի, թանգարանը  պատրաստվում է տպագրության ներկայացնել նոր գիրք, որտեղ առաջին անգամ կհրապարակվեն Փարաջանովի բանտային հուշերն ու  փաստաթղթերը։ Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։