Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում կայացվել է Telegram-ն ու Instagram-ը փակելու որոշում

Քաղաքականություն
Tonoyan

Նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսած բողոքի ցույցերը, թեև հանդարտվել են, այնուամենայնիվ այս օրերին հրապարակվում են տեսահոլովակներ, որոնցում երևում է, որ լոկալ մարզերում փոքր խմբերով ցույցեր դեռ տեղի են ունենում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: «Սկզբնական հատվածում ցույցերն ունեին սոցիալական բնույթ, սակայն հետագայում վերածվեցին քաղաքական բողոքի ակցիաների։ Կարելի է առանձնացնել շարժման զարգացման փուլերը. սոցիալական բողոքով սկիզբ, հետո կոչեր գործող կառավարության դեմ. Հետագայում սրանք վերածվեցին հակահամակարգային պայքարի կոչերի։ Բողոքներն իրենց զարգացման ընթացքում ստացան հակապետական բնույթ»,- նշում է Արտյոմ Տոնոյանը։ Խոսելով բողոքի ակցիաների հրահրման դրդապատճառներից՝ Իրանագետը նշեց, որ տարբերակներից մեկն այն է, որ բողոքի ցույցերը հրահրվել են դրսից։ Մասնավորապես նշվում են Սաուդյան Արաբիայի և Իսրայելի, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունները։ «Պատճառներից մեկն էլ կարող է լինել իրապես սոցիալական վիճակը, քանի որ երկրում տեղի են ունեցել թանկացումներ։ Կա նաև տեսակետ, որ գործ ունենք ներքաղաքական պայքարի և հակամարտության հետ, որն իրենից ներկայացնում է պայքար բարեփոխիչների և պահպանողականների միջև։ Ներքաղաքական մյուս պայքարն արդեն հոգևոր առաջնորդի և գործող կառավարության միջև է»,- ասաց իրանագետը։ Արտյոմ Տոնոյանը նշում է, որ ցույցերի ընթացքում գրանցվել են 21 սպանվածներ։ Համեմատելով 2009 թվականին Իրանում տեղի ունեցած ցույցերի հետ՝ իրանագետը նշում է.  ի տարբերություն 2009 թվականի, երբ ցուցարարների մեծ մասը ուսյալ էին, այժմ երկրի ամենաաղքատ  սոցիալական խավն է ներգրավված  ցույցերում, ինչը խոսում է, որ իրապես ցույցերը նախապես ունեցել են սոցիալական բողոքի ֆոն: Այս օրերին Իրանում կայացվել է որոշում Telegram-ն ու Instagram-ը փակելու, քանի որ հիմնական կոչերն ու հավաքներն իրականացվում էին այս սոցիալական կայքերի միջոցով, ինչի պատճառով էլ բողոքի ցույցերը ստացան համացանցային շարժում անվանումը: