Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում հյուրանոցային գները Վրաստանից թանկ չեն եղել» (տեսանյութ)

Հասարակություն
2-1

Ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, Հայաստանում տուրիստների ներհոսքի աճ է գրանցվել: «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը փաստում է, որ այս տարի զբոսաշրջիկների մեծ մասը՝ մոտ 70 %-ը, եկել է Ռուսաստանից, 10 %-ը՝ Իրանից, մնացածը՝ այլ երկրներից:  «Երևանում տոնական օրերին հյուրանոցները 100%-ով զբաղված չեն եղել,-ասում է նա,- Երևանից դուրս հյուրանոցների մեծ մասը տոնական օրերին զբաղեցրել են հայերը»: Լրագրողների այն դիտարկմանը, թե Վրաստանում գներն առավել մատչելի են, դրա համար շատերը նախընտրում են հանգստանալ Վրաստանում, պարոն Հակոբյանն արձագանքեց, որ Հայաստանում հյուրանոցային գները Վրաստանից թանկ չեն եղել: «Տուրիզմի ասոցիացիայի» հիմնադիր Մարինա Կպրյանը կարծում է, որ հարևան երկրում զբոսաշրջության արագ զարգացումը պայմանավորված է լավ գովազդով: «Գնային քաղաքականությունը ևս ունի որոշակի ազդեցություն: Մեզանում հյուրանոցային ցանկն ավելի քիչ է և Նոր տարվա համար ավելի բարձր գներ են առաջարկվում: Այդ առումով այլ երկրներ ավելի մատչելի գնային առաջարկներ ևս ունեն»,- ասում է նա: Բացի այդ՝ Վրաստանը պետական բյուջեից հսկայական գումար է ներդնում տուրիզմի զարգացման համար, իր ունեցած տվյալներով՝ մոտ 7 մլն դոլար, իսկ մեր հատկացումը կազմում է ընդամենը 200 000 դոլար: Եվրոպայից եկող տուրիստներին Հայաստանում հետաքրքրում են պատմամշակութային արժեքները, գրավում է հայերի հյուրասեր լինելը և մեր հարուստ, ավանդական խոհանոցը: Հայերը սիրում են հանգստանալ տաք երկրներում. Բանգկոկ, Թաիլանդ, Շրի Լանկա՝ ավելի քիչ, քանի որ ուղիղ թռիչք չկա, ավելի շատ՝ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, սահմանափակ քանակությամբ՝ Եվրոպա, Լապլանդիա, քանի որ գնային առումով թանկ է: Լրագրողների դիտարկմանը, որ տուրիստները շատ են բողոքում Հայաստանի վատ ճանապարհներից, զուգարանների բացակայությունից, տիկին Կպրյանն արձագանքեց, որ դրանք ծեծված թեմաներ են: Ըստ նրա՝ այն տուրիստները, որոնք գալիս են խմբերով, կազմակերպված, զուգարանների խնդրից չեն բողոքում, իսկ անհատները, որոնք այցելում են նաև ոչ տուրիստական գոտիներ, առնչվում են խնդրին: