Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես եմ» ծրագրով ծառայության կանցնի 120 նորակոչիկ (տեսանյութ)

Քաղաքականություն
priziv1

Կենտրոնական հավաքակայանում մեկնարկեց զորակոչը: Հանրապետության տարբեր մարզերից ծնողներն ու բարեկամներն այստեղ էին եկել՝ ճանապարհելու նորակոչիկներին: «Նուշիկ տատիկն ունի 6 թոռնիկ: Առաջին թոռնիկս ծառայում է Ջաբրայիլում՝ առաջնագիծ: Այսօր ես ուղարկում եմ իմ 2-րդ թոռնիկին՝ Ղազարյանին Գուրգենին: Հաջորդ տարին էլ Կարենիս եմ ուղարկելու, բայց էն երեքին չեմ խոստանում՝ կարող է չհասցնեմ: Էդ  Ջաբրայիլում սկզբում մենք վախեցանք, ընկանք վնուշկեքի մեջ, վայ Ղարաբաղ, բայց լավ է...Օրինակ՝ էսօր ես կցանկանամ, որ իմ Գուրգենն ընկնի Ղարաբաղ»,- «Ա1+»ի հետ զրույցում վստահերցեց Արտաշատի Դիմիտրով գյուղի բնակիչ Նուշիկ Հովսեփյանը: «Ուրախ եմ, որ որդիս կգնա, կծառայի, անփորձ կվերադառնա, կկատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ եւ մեր հանգիստը կպահի: Խաղաղություն լինի, դա է կարեւորը, թե որտեղ կլինի պարզ կլինի, երբ ժերեբյովկան կքաշեն. ամեն տեղ էլ ՀՀ է, ամեն տեղ էլ սահման կա, ամեն տեղ էլ մեր զինվորներն են կանգնած»,- նկատեց Երեւանի բնակիչ Հայկազ Հովհաննիսյանը:     Նորակոչիկների առաջին՝ 26 հոգանոց խումբը հասավ հավաքակայան: Այստեղ էին Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Մինչ վիճակահանությունը, երբ կորոշվի, թե որտեղ կանցկացնեն իրենց ծառայությունը առաջին խմբի նորակոչիկներն՝ արդեն զգեստափոխված, հանդիպեց նրանց հետ: «Արդեն զորացրվող զինվորներից մեկին հարցրեցի՝ ի՞նչն է քեզ բանակի հետ կապում, ասաց՝ կարոտը: Ասաց՝ ծառայության գալուց առաջ մտածում էի, որ կարոտելու եմ տնեցիներին, հիմա՝ գնալուց առաջ, մտածում եմ՝ էստեղ ամեն ինչ կարոտելու եմ»,- պատմեց ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:    «Երեւի ձեր ծնողներն ասում են՝ բանակիս ընկերն է.. ամենից երկար ընկերությունը բանակից է: Դուք էլ եք հիշելու: Ինչքա՞ն ժամանակում շորերը հագաք: 10 րոպեում հասցրի՞ք: Ես հիշում եմ՝ մեր ժամանակ բատինկա չէր, պարտյանկա հագնելն էր դժվար, հիմա հեշտ է հանվելը»,- զինվորների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:             Նորակոչիկներից Երեւանի բնակիչ Սամվել Նավասարդյանը միանշանակ ցանկանում է ծառայել Արցախում՝ մարտական հենակետերում. «Իսկական ծառայությունը սահմաններում է, իսկ այնտեղ սահմաններն ամենուր են: Բոլոր տեղերն էլ վտանգավոր են, եթե կա սահման. եթե կա զգոնություն, պատրաստվածություն, ուրեմն վտանգ չկա»: Նա ծառայելու է 2 տարի, չի ցանկացել մասնակցել «Ես եմ» ծրագրին, ըստ որի՝  ծառայությունը կտեւի 3 տարի, որի ընթացքում եւ հետո զինծառայողը ունենալու է բազմաթիվ արտոնություններ: Այս պահին ծրագրին դիմել է 120 նորակոչիկ: «Սովորական ծառայություն է որոշել թոռնիկս, քանի որ իմ թոռնիկը դեռ 17 տարեկան է՝ 18-ը չի լրացել, իր կողմից սիրված լավ մասնագիտություն է ընտրել՝ մատոռիստ: Ինքը Մխչյան գյուղում ունի մեծ պատիվ, շնորհք, վաստակում է արդեն իր հացը, ինքը ապահովված է, ցանկանում է շուտ իր ծառայությունը ավարտի, գա, եղբորը ճանապարհի ու իր հարցերը լուծի, իրեն պետք չէ 3-րդ տարին»,- վստահեցնում է Նուշիկ Հովսեփյանը:   «Սովորական երկու տարի է ծառայելու տղաս. ինքն ուզում է ուսումն ավարտի ու շարունակի ուսումը»,- ասում է Հայկազ Հովհաննիսյանը:  «Մենք փորձարարական փուլում ենք գտնվում: Ծրագրի նպատակը կամավորության սկզբունքն է»,- նկատում է ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:    Զինվորական ղեկավար կազմը նաեւ անդրադարձավ այս օրերին ամենից շատ քննարկված հարցերին: Մովսես Հակոբյանն, անդրադառնալով Արցախում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանի դեպքին, նշեց, որ նա որեւէ խախտում չի արել, զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ ընկերոջը օգնության հասնելու պահին: Իսկ ՊՆ առաջին տեղակալը, խոսելով համացանցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչեղբոր հանդերձանքով լուսանկարների բուռն քննարկման մասին, նշեց, որ դա անձանց որոշակի շրջանակի մտավոր ցածր պատկերացումների մասին է խոսում: