Լեւոն Արոնյանը աշխարհի առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում

Սաուդյան Արաբիայում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

 

Մեր առաջատար շախմատիստը տղամարդկանց մրցաշարում 21 հնարավորից վաստակեց 14 միավոր եւ չինացի Վան Հաոյի հետ բաժանեց 4-5-րդ տեղը: Լրացուցիչ գործակիցներով Լեւոն Արոնյանը ճանաչվեց հինգերորդը: Առաջին տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն իր անվան դիմաց գրանցեց 16 միավոր:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Լ․ Պետրոսյանը գրավեց 7-րդ պատվավոր տեղը՝ վաստակելով 13,5 միավոր: Նրանից կես միավորով հետ մնացած Հրանտ Մելքումյանը բավարարվեց 15-րդ հորիզոնականով: Զավեն Անդրիասյանը 11,5 միավորով առաջնությունն ավարտեց 43-րդ տեղում, Սերգեյ Մովսեսյանը՝ 10,5-ով 74-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 9,5-ով՝ 95-րդ:

 

Կանանց աշխարհի առաջնությունում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, որը վաստակեց 16,5 միավոր: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 13 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը 10,5-ով առաջնությունն ավարտեց 58-րդ հորիզոնականում, Լիլիթ Մկրտչյանը՝ 10-ով՝ 62-րդ, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 9,5-ով՝ 71-րդ: