Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքի փերին հասել է Հայաստան. ուշադիր նայեք ձեր շուրջը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HAykuhi

Հայկուհի Արզումանյանը սովորական աղջիկ չէ, նա փերի է՝ Հայաստանում գրքի փերիների պաշտոնական ներկայացուցիչը։ Նա Երևանի տարբեր տեղերում թաքցնում է գրքեր, որպեսզի մարդիկ գտնեն այն, կարդան, և իրենք էլ թողնեն այն մեկ ուրիշի համար: «Գրքի փերի» նախաձեռնությունը  սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, և տարածվելով աշխարհի շուրջ 100 երկրում` հասել է նաև Հայաստան: «Ես ինստագրամով եմ տեսել ու դուրս շատ եկավ, որոշեցի՝ ես էլ Հայաստանում անեմ: Սկսելու համար պետք էր պատվիրել կպչուն թղթերից: Սրանք կպցնում ենք մեր սիրելի գրքերի վրա և պահում քաղաքում ցանկացած տեղ: Պատվիրեցի ու սկսեցի պահել»,- նշում է Հայկուհի Արզումանյանը: Նախագծի հեղինակը Կորդելիա Օքսլեյն է, իսկ մեկնարկը տվել է հոլիվուդյան դերասանուհի Էմմա Ուոթսոնը այս տարվա մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրով պայմանավորված ֆեմինիստ հեղինակների գրքերը թողնելով քաղաքի տարբեր վայրերում: Գիրք թողնելու վայրը նախապես մանրակրկիտ ուսումնասիրվում է: Գրքի փերիները պետք է աննկատ մնան, բայց գիրքը բավականաչափ տեսանելի պետք է լինի մարդկանց համար: «Գրքերը պահելիս մենք նկարում ենք ու տեղադրում սոցիալական կայքերում, ունենք ինստագրամում և ֆեյսբուքում էջեր, որպեսզի մեր հետևորդները տեսնեն ու գան վերցնեն, եթե չեն հասցնում, հաստատ մինչև այդ պատահական անցորդները վերցնում են: Մենք մեջը փոքրիկ նամակ ունենք գրած, որտեղ ասում ենք՝ եթե գտել եք, խնդրում ենք կիսվեք սոցիալական ցանցերում, որպեսզի իմանանք, որ գտել եք»,- ասաց Հայկուհի Արզումանյանը: Հայկուհի Արզումանյանի պնդմամբ՝ այս նախաձեռնության ամենալավ հատկանիշն այն է, որ այդ գրքով ինչ-որ մեկի օրը կարող է ավելի պայծառ դառնալ: «Ամենաառաջին պահածս գիրքը մի տղա էր գտել ու հրապարակել էր: Գրել էր, որ վատ տրամադրություն ուներ ու երբ գիրքը տեսավ, շատ ուրախացավ, իր օրը փոխվեց: Ամբողջ իմաստն այն է, որ վերցնես գիրքը, կարդաս, և դու էլ պահես, որ ուրիշն էլ գտնի կարդա»,- նշում է Հայկուհին: Գրքեր տարածելը Հայկուհին սկսել է իր իսկ գրադարանից: Հիմա արդեն կապ է հաստատել գրողների, հրատարակչությունների ու գրախանութների հետ, որոնք պատրաստակամ են գրքեր տրամադրել այս նախաձեռնության համար: Գրքի փերի կարող է լինել յուրաքանչյուրը: Եթե դու էլ գրքասեր ես, աչքերդ լայն բացիր ու գուցե դու գտնես այն գիրքը, որը պահված է հենց քո մոտակայքում: