«Սասնա ծռեր»-ի գործը հաշված ժամերի ընթացքում կարող է ավարտվել   (տեսանյութ)

Այս տարի մեկնարկած «Սասնա ծռեր» զինված խմբի  դատավարությունը   հիասթափեցրել է   պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին։ Դատական համակարգի   թերությունները ի ցույց դրվեցին. «Առանձին մասնավոր դեպքերով բոլոր փաստաբանները կփաստեն, կամ գոնե մեծ մասը կփաստի, որ իրականում այդ խնդիրները մենք միշտ ունեցել ենք՝ բացառությամբ խուզարկությունների: Մնացած բոլոր խնդիրները առկա են եղել. այն, որ փաստաբաններին հնարավորություն չեն տվել հայտարարություն անելու՝ համեմատած դատախազի, մեղադրող կողմի, մենք ավելի քիչ հնարավորություններ ենք ունեցել, բայց բնականաբար պայքարող փաստաբանները միշտ պայքարել են իրենց եւ իրենց պաշտպանյալների իրավունքների համար»,- ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը:

    Նա  բուն դատավարությունը խայտառակություն է համարում. «Դա այս համակարգի վերջնական փլուզումն էր, ապացուցեցինք, որ այլեւս դատական համակարգ գոյություն չունի»:

 Սասնա ծռերի  31 անդամների գործը 2 մասի բաժանված ուղարկվեց դատարան: 4 ամիս ըստ էության նիստեր տեղի չունեցան, հետո որոշվեց գործը բաժանել 3 մասի եւ մակագրվեց տարբեր դատավորների:    Այս ամենում, սակայն, փաստաբանը դրական բան էլ է տեսնում: Մինչ այդ,  երբ արդարադատության վերաբերյալ իրենք զեկույց էին ներկայացնում, միջազգային հանրությանը թվացել է, թե կողմնակալ վերաբերմունք ունեն. «Մի փոքր պաշտպանի տեսանկյունից ենք նայում, այդքան էլ երեւի իրենց համար համոզիչ չէր: Այս դատական նիստերը ապացուցեցին, որ խնդիրը ունեցել ենք շատ վաղուց»,-ասում է Նինա Կարապետյանցը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը  «Սասնա ծռեր»-ի դատավարությունը  համարում է  քաղաքական գործ. «Որքան էլ մենք փորձենք ասել, որ իրականացվում է դատավարություն իրավունքի իմաստով,  դա ինքնախաբեություն է: Բոլորիս էլ պարզ է, որ Սասնա ծռերի դատավարությունը քաղաքական պատվերի շրջանակներում է կատարվում:   Քանի դեռ քննության առարկա չի դարձվել նրանց արարքի շարժառիթը, իսկ դա քրեական իրավունքի հիմնասյունն է, եթե դա չկա, ապա չկա քրեական վարույթ»:

Այս գործով շուրջ 200 մարդ պետք է ցուցմունք տա՝ վկաներ, տուժողներ, այլ գործով  մեղադրյալներ: Այս տեմպերով գնալու դեպքում,  ըստ պաշտպանի,  մոտ 3 տարի,  գործը պետք է քննվի:  Չնայած քաղաքական փոփոխությունները կարող են ազդել դատավարության ընթացքի վրա։ «Եթե տեսականորեն մեկ տարի  կամ մեկ ամիս հետո քաղաքական իշխանությունը փոփոխության կենթարկվի կամ իրենց վերաբերմունքը գործի նկատմամբ փոփոխվի, չեմ բացառում, որ այսպես կոչված գործի դատավարությունը եւս ավարտվի:  Դատավարությունը հաշված ժամերի ընթացքում կարող է իր տրամաբանական ավարտը ունենալ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Առայժմ «Սասնա ծռերի»  գործերով  դատարանն  ուսումնասիրում է գործում առկա գրավոր ապացույցները: