Դպրոցներում «վաուչերներ» կբաժանվեն (տեսանյութ)

«Անտարես» հրատարակչությունն իր վաճառած գրքերով փորձում է ձևավորել ճաշակ և հետևել ընթերցողական պահանջմունքին: Այսօրվա ասուլիսում, ամփոփելով տարին, հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ժամանակակից գրականության՝ հատկապես արձակի շուրջ դրական տեղաշարժ կա ընթերցողների շրջանում: «Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» գիրքը շատ ավելի դրական ցուցանիշներ ունի վաճառքի տեսանկյունից, քան արտասահմանյան բազմաթիվ գրականության գրքեր: 6 ամսում վաճառվել է 306 հատ, որը ժամանակակից արձակի համար վատ թիվ չէ»,-ասում է նա: Հովհաննես Երանյանի վերջին վեպը՝ «Մեղքի պարանը», չկա 1 ամիս, ինչ լույս է տեսել, բայց 100-ից ավելի վաճառք ունի: Արամ Ավետիսն իր «Կույր կետադրություն» գիրքը հրատարակել է իր միջոցներով, արագ սպառվել է, «Անտարեսը» վերահրատարակել է, էլի արագ սպառվել է:

Այդուհանդերձ, գլոբալ հետաքրքրություն ներկայացնում են արտասահմանյան հեղինակները: «Անտարեսի» վաճառած գրքերի ցանկը գլխավորում է «Փոքրիկ իշխանը» և Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը»:

«Տարի է եղել, որ հրատարակել են 16-ից ավելի գիրք: Այս տարի մոտ 2,5 անգամ է մեր պլանը գերակատարված: «Անտարեսը» միակն է, որը գրքերը հրատարակում է բացառապես իր միջոցներով՝ առանց պետական աջակցության կամ այլ ֆինանսավորումների»,-ասում է պարոն Նիկողոսյանը:

Այսքանով հանդերձ՝ իրենց գլխավոր խնդիրը մնում է ընթերցողի խնդիրը: Այդ ուղղությամբ ևս բազմաթիվ աշխատանքներ են տանում. ընթերցման օլիմպիադա ունեն, որը կանցկացվի 8-րդ անգամ: Այն քայլերը, որոնք ձեռնարկել են այդ ուղղությամբ՝ փրփուրից կախվելով, իրենց դրական արդյունքները արդեն տվել են:

«Գրքի փառատոնը, որ անցավ 1 ամիս առաջ, կար երիտասարդություն, բայց քիչ էին ծնողները երեխաների հետ: Հաջորդ տարի մենք պիտի մի բան անենք, որ դպրոցներում բաժանվեն «վաուչերներ», օրինակ՝ 500 դրամի, որը կկրկնապատկի հրատարակիչը և աշակերտը կունենա 1000 դրամանոց փող, որը կկարողանա փոխանակել գրքի հետ,-ասում է հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Հաջորդ տարի մոտ 10 անուն գիրք են նախատեսել տպագրել, որոնց թվում՝ Տարոն Աճեմօղլուի «Ինչու են մեռնում պետությունները»: «Ժամանակին էս գրքի մասին մեր իշխանությունները շատ էին խոսում, իսկ երբ հասկացան էնտեղ, որ ասվում է պետությունները վախճանվում են անկախ նրանից՝ նավթի պաշար ունեն, թե ծով, նավահանգիստներ ունեն… նրանք կմահանան, եթե չունենան լավ մենեջմենթ: Եվ պետությունները, որոնք ոչ մի բան չունեն, կարող են ծաղկել, որովհետև ունեն լավ ղեկավարություն, լավ կառավարում: Մեր իշխանությունները, հասկանալով, որ իրենց տեսնելու են այս հայելու մեջ, դադարեցին սրա մասին խոսել,-ընդգծեց պարոն Մարտիրոսյանը: