Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործով կան դատապարտված ոստիկաններ. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
alik-sargsyan

Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի հասկանում, թե ինչպես է ձգձգվում Սասնա ծռերին 6 ամիս առաջ դատարանում ծեծի ենթարկելու գործի քննությունը, եթե կա տուժող, կա բողոք եւ բռնության ենթարկող. «Միգուցե դրանք են մի բան արել, սրանք էլ հակադարձել են ուղղակի, քաշքշուկ ա ստեղծվել»: Պարոն Սարգսյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը երբեք չի գնա այնպիսի քայլի, որ անպատիժ թողնի բռնության ենթարկողներին, եթե դատաքննությունը դա հաստատի. «Չեմ կարծում, որ կալանավորն ինքն իրան ծեծի ենթարկի»: Հատուկ Քննչական ծառայությունը պետք է բացատրություն տա, թե քննությունն ինչու է ձգձգվում,-ասում է Ալիկ Սարգսյանը: Նա չի ասի, թե ոստիկանները դատարանում «Սասնա ծռեր» խմբի տղաներին բռնության են ենթարկել ի պատասխան ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկաններին պատանդ պահելու փաստի եւ մի քանի ոստիկանի սպանության. «Նրանք կարծեմ նույն պատանդ պահված ոստիկանների նկատմամբ առանձնապես որեւէ վատ վերաբերմունք չեն ցուցաբերել, էլ չեմ խոսում դաժանություն, ծեծ, խոշտանգում»: Ալիկ Սարգսյանը հավատում է, որ Ծռերի տղաների հանդեպ բռնություն գործադրած ոստիկանները անպայման պատասխան կտան: Սակայն նախկին ոստիկանապետը նաեւ չի կարող չհավատալ ոստիկանության հավաստիացումներին, որ բռնությունը եղել է իրավաչափ. «Քիչ եմ հավատում, որ էնպես է եղել, ինչպես որ հիմա դուք ներկայացնում եք»: Այս գործի քննությունն ու ձգձգումը պարոն Սարգսյանը չի համեմատի մարտի 1-ի գործի հետ, որի դեպքում նույնպես հայտնի էին հանցագործությունն իրականացրած ոստիկանների տվյալները, ինչպես նաեւ փաստ է, որ մարդիկ են սպանվել. «Առաջին անգամ եմ լսում, որ սպանողները կան... Ես հասկացա՝ զոհերը կան, բայց որ սպանողներն էլ կան, ամբողջությամբ բացահայտվել են, ովքեր են սպանողները եւ որեւիցե մեկը չի դատապարտվել: Սա առաջին անգամ եմ լսում: Միգուցե ասե՞ք ովքեր են սպանել: -Սպանողներ չկա՞ն: -Ես չգիտեմ ում մասին է խոսքը: -Մարտի 1-ի: -Սպանողնե՞ր, որոնց կրակելու պատճառով մարդիկ են զոհվել: Ես չգիտեմ ում մասին է խոսքը»: Նույնիսկ անուղղակի ճանապարհով սպանություն իրականացնողների շրջանակը դեռ ճշտված չէ,-վստահեցնում է պատգամավորը: Փոխարենը Ալիկ Սարգսյանը հավատացնում է, որ մարտի 1-ին ժամկետանց չերյոմուխաներ կիրառած ոստիկանների շրջանակը հայտնի է եւ նրանք հիմա քրեակատարողական հիմնարկներում են: