Էլինա Դանիելյանը աշխարհի առաջնությունում գրավեց 9-րդ տեղը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում այսօր ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

 

Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը կանանց մրցաշարում 15 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ կիսեց 9-14-րդ տեղերը: Լարցուցիչ գործակիցներով մեր ուժեղագույն շախմատիստուհին ի վերջո գրավեց 9-րդ պատվավոր տեղը: Աշխարհի չեմպիոն ճանաչվեց չինուհի Չժու Վենչժունը, որը միակն էր, ում հաջողվեց վաստակել 11,5 միավոր:

 

Մեր մյուս շախմատիստուհիները համեստ արդյունքներ արձանագրեցին: Լիլիթ Մկրտչյանը 7,5 միավորով զբաղեցրեց 53-րդ հորիզոնականը, Մարիա Գեւորգյանը 7 միավորով 66-րդն է, իսկ Լիլիթ Գալոյանը 4,5 միավորով գտնվում է 94-րդ տեղում:

 

Տղամարդկանց առաջնությունում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը իրեն հետ հավասար քանակությամբ 10,5 միավոր վաստակած ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին 2:0 հաշվով պարտության մատնեց թայ-բրեյքում եւ ի վերջո արժանացավ ոսկե մեդալի: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 10 միավորով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: 

 

Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց ընդամենը 9 միավոր եւ գրավեց 29-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը 8,5 միավորով ճանաչվեց 42-րդը: Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը 8-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 51-րդ եւ 56-րդ տեղերը: Տիգրան Լ. Պետրոսյանը առաջնությունն ավարտեց 86-րդ հորիզոնականում՝ վաստակելով 7 միավոր, իսկ Զավեն Անդրիասյանը նույն արդյունքով զբաղեցրեց 91-րդ տեղը: