«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամից վերցրել են հեռախոսը (տեսանյութ)

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վիգեն Նազարյանը  երեկ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: «Հուսով եմ, որ այդ գործի շրջանակներում իմ վստահորդն այլեւս չի մասնակցի, ես չգիտեմ գործի հետագա քննությունը ինչպես կընթանա , արդյո՞ք զարգացումներ կլինեն, եւ նա դատարան կհրավիրվի` ես չեմ կարող ասել: Հույս ունեմ, որ Վիգեն Նազարյանին ԱԱԾ-ն չի անհանգստացնի»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Վիգեն Նազարյանը ԱԱԾ է հրավիրվել որպես վկա մի գործի շրջանակներում հարցաքննվելու համար:  «Որքան ես հասկացա նաեւ հարցաքննության ժամանակ, ենթադրյալ հանցագործության հետ նա որեւէ առնչություն չունի»:

Մինչեւ հարցաքննություն իրականացնելը, Վիգեն Նազարյանի  բնակարանում  խուզարկություն է կատարվել. «Խուզարկության ժամանակ որեւէ ավելորդ կամ օրենքից դուրս գործողություն չի կատարվել, ամբողջ պրոցեսը կատարվել է օրենքով սահմանված կարգով, եւ որեւէ դժգոհություն կամ խնդիր չի հայտնել դրա հետ կապված:  Բնակարանի հարցաքննության ժամանակ այդ ենթադրյալ հանցագործությանն առնչվող որեւէ իր կամ առարկա նրա բնակարանում չի եղել եւ այդպիսիք չի առգրավվել նրա բնակարանից»,- ավելացրեց Արայիկ Պապիկյանը:

Վիգեն Նազարյանից,  սակայն,  զննության նպատակով վերցվել է հեռախոսը: «Մենք որոշեցինք,  որ այսօր այդ զննությունը կկատարվի եւ հեռախոսը կվերադարձվի իրեն»:

Առայժմ Վիգեն Նազարյանը  ձեռնպահ է  մնում  որոշակի տեղեկություններ տարածելուց:  Պաշտպանն է այդպես  խնդրել: «Օրենքի ուժով նախաքննական գաղտնիքի հրապարակման խոչընդոտ կա, եւ այս փուլում իրավունք չունենք որեւէ տեղեկություն  տարածել»,- նշեց փաստաբանը:

  Արայիկ Պապիկյանը միաժամանակ շեշտում է՝ իրենք այդքան տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ գտնվում են  վկայի կարգավիճակում: