«Ժուռնալիստների միությունը հողի տակ է յոթնաշերտ, փտած է, չկա». Հակոբ Մարտունի (տեսանյութ)

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ամփոփում է իր գործունեության 25 տարին այս պաշտոնում. «Լրագրողներից մեկը այսօր ինձ մի հարց ուղղեց՝ ի՞նչ եք թողնում, ի՞նչ եք թողնում հեռանալով Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնից: Ես ասեցի թողնում եմ համերաշխ մի միություն, որի ոչ մի համագումարը չի ունեցել փոխադարձ վիրավորանքների, կսմթոցների բնույթ»:

30 տարի առաջ էր տեղի ունեցել Միության վերջին համագումարը: Այսօրվա համագումարում համերաշխության հետք չկար: Ինչպես պնդում է միության անդամ, Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը, համագումարն անօրինական է, ոչ մեկին մանդատ չեն տվել, նույնիսկ նախագահություն չկա. «86 թվականին, մեկ դար առաջ է մեր համագումարը տեղի ունեցել, հիմա 21-րդ դարում ենք, հիմա նախագահության անդամների մեծ մասը մահացած է, որտեղի՞ց էդ մարդկանց գտնենք»:

Հենց հանգուցյալների եւ մահվան թեման էլ առանցքային դարձավ Միության համագումարի ամբողջ ընթացքում, որի անդամների միջին տարիքը 65 տարեկանն է։

ՀԺՄ անդամ Հակոբ Մարտունին ասում է. «Մոռացեք Հայաստանի Ժուռնալիստների միության մասին, նա այլեւս հանգուցյալ է 40 տարի, նա հողի տակ է յոթնաշերտ, փտած է, չկա»:

68-ամյա Արամ Սարգսյանին դուր չէր գալիս հենց մեռելների թեման. «Ի՞նչ ես անընդհատ մեռելների մասին խոսում: Դու հաշվառե՞լ ես ովքեր են ստեղ: -Ծերանոց է, ծերանոց»):

80-ն անց մի ծերունի՝ Սերգեյ Հայրապետյանը, միությունից քաղաքացիական դիրքորոշում էր պահանջում: Նրան լռեցնում են անմիջապես՝ հանուն ռեգլամենտի. «Ըհը, խնդրեմ, քո տարիքին ու միրուքին նայի»:

Միության 25 տարվա ղեկավար, 85-ամյա Աստղիկ Գեւորգյանը հեռանում է նախագահի պաշտոնից:

 Հանրապետական պատգամավոր, ՀԺՄ անդամ Մարգարիտ Եսայանը երիտասարդ թեկնածու ունի՝ լրագրող Սաթիկ Սեյրանյանը. «Նայում եմ մարդկանց դեմքերին՝ բոլորս էլ մեծացել ենք, եկեք խոստովանենք սա եւ կարծում եմ այս կառույցին երիտասարդ նոր ճիշտ լիցքեր է հարկավոր»:

Ծերունիներից ոմանք թեկնածուին չէին ճանաչում:

Սաթիկ Սեյրանյանը ամբիոնից ներկայացնում է իր պատկերացրած Ժուռնալիստների ապագա միությունը՝ արհմիություն է պետք եւ ֆինանսավորվող ծրագրեր. «ԶԼՄ-ներում աշխատող իմ գործընկերներին, անհատ լրագրողներին կոչ եմ անում անդամակցել Հայաստանի Ժուռնալիստների միությանը»:

Եվս մեկ թեկնածու՝ համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ Հարություն Ծատրյանը, հենց ամբիոնից անձամբ է ասում՝ որպես երեք տարվա անդամ առաջադրվելու իրավունք չունեմ: Նա էլ է համագումարի անցկացումը համարում ապօրինի. «Ինքներս մենք կարծես էդ անօրինություններին ենք նպաստում»:

Ի վերջո 57 ձայնով Սաթիկ Սեյրանյանը դառնում է Ժուռնալիստների միության նախագահ: Մյուս թեկնածուն ինքն էլ իր օգտին չքվեարկեց: