Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին քաղաքականության վրիպակ՝ ըստ դեսպանի (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայկական քվեարկությունը համարում է  արտաքին քաղաքականության վրիպակ։ Նրա կարծիքով Հայաստանը ՄԱԿ-ում չպետք է   դեմ   քվեարկեր ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որով Երուսաղեմը հռչակվում էր Իսրայելի մայրաքաղաք։ «Մեր դիվանագիտական դիրքորոշումը քվեարկման ժամանակ ես համարում եմ հիմքից սխալ։ Այստեղ միակ լուծումը պետք է լիներ կա՛մ չմասնակցել, կա՛մ ընդհանրապես չներկայանալ»,-ասում է Նավասարդյանը։ Ըստ Նավասարդյանի՝ մեծ սխալմունք էր քվեարկել մի նախագծի օգտին, որն առաջ էր քաշել Թուրքիան և դեմ է ԱՄՆ-ի պես հզոր երկրին։  Դեսպանը համոզված է, որ  մեր դիվանագիտության մեջ ամենավատ բանաձևը իրադարձությունների հետևից գնալն է, որը ոչ մի արդյունք չի տալիս։ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նույնպես համակարծիք է. «Հայաստանը ընդհանրապես էդ պրոցեսում չկար, դուք լսե՞լ եք քսանհինգ տարվա մեջ Հայաստանը մի կարծիք ասի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ կապված։ Էնպես խճճված է վիճակը. սուբյեկտները, որոնք զբաղվում են էդ հարցով, տակից դուրս չեն գալիս, գլուխ չեն հանում, իսկ մենք հստակ դիրքորոշում ենք ցուցաբերում»։ Ստեփան Գրիգորյանը այս  տարվա  ձեռքբերումը համարում է  Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Ինչ վերաբերում է  ԵԱՏՄ –ին, որի անդամ է Հայաստանը, ապա քաղաքագետը այս կառույցի վերաբերյալ դիրքորոշման փոփոխություն  է նկատում։ «Նույնիսկ կառավարությունը ստիպված է ասել, այդ թվում Սերժ Սարգսյանը, որ ոչ բոլոր մեր սպասելիքներն է արդարացնում էդ ինտեգրացիան։ Խաղի կանոնները ԵԱՏՄ-ի շրջանակներում ուժեղացնում են մոնոպոլիան Հայաստանում»,-նշում է Ստեփան Գրիգորյանը։ Նախկին պատգամավոր  Թևան Պողոսյանը ևս շեշտում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևորությունը, սակայն   պարզունակ կլինի այն համարել վերջնական նպատակին հասնելու քայլ։ Նա արտաքին քաղաքականության թերություններից է համարում այն, որ Հայաստանը ուշացումով է արձագանքում իրադարձություններին։ «Պետք է դիսկուրսի որակ փոխենք պրոցեդուրալ իմաստով, եթե մենք ցանկանում ենք 2018- ին ավել բանի հասնենք, պետք է առաջինը տեղեկացված լինենք, հիմնավորումները իմանանք, որ հասկանանք՝ որտեղ կարող ենք հայանպաստ դիրքորոշում ունենալ, ես չեմ կարծում թե ԱԳՆ-ի մարդիկ Հայաստանը չեն սիրում, Հայաստանի շահերը չենք գիտակցում»։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  հարցում էլ նախկին պատգամավորը 2018թ-ին  մեծ սպասելիքներ չունի, քանի որ  հաջորդ տարին ընտրությունների տարի է թե Ադրբեջանում թե Ռուսաստանում, եւ   խնդրով  առաջընթացը շատ քիչ հավանական է։