Նախագահի և վարչապետի թեկնածուների մասին հարցը ժամանակավրեպ է. Մկրտիչ Մինասյան (տեսանյութ)

Թե ովքեր կլինեն երկրի ապագա նախագահ և վարչապետ, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը համարում է ժամանակավրեպ հարց. «Մեր կուսակցության ոչ քաղաքական, ոչ էլ գործադիր մարմնում հարցը չի քննարկվել: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, դեռ կքննարկվի: Կգա ժամանակը, մենք ամեն ինչ կիմանանք»: Ըստ նրա՝ չափազանց կարևորվում են մարդկանց կարողությունները, և ոչ թե անձերի խնդիր պետք է լուծել, այլ պիտի նպաստ բերել մեր հայրենիքի զարգացմանը՝ անձերի կարողություններն օգտագործելով ըստ արժանվույն:

Ըստ նրա՝ տարվա սկզբին տնտեսության վիճակը  բավականին ծանր էր, մինչդեռ տարեվերջին այն վարչապետի կողմից գնահատվեց կառավարելի: 2017թ.-ը մեր երկրում կայունացման ժամանակահատված էր: Պարոն Մինասյանը հույս հայտնեց, որ 2018, 2019, 2020 թթ. կունենանք զարգացման շրջան:

«Ես ոչ միայն անուղղելի լավատես եմ, այլ նաև իրատես եմ: Ես համոզված եմ, որ պատմության համար 3-5 տարին ակնթարթ է: Այդ ակնթարթի ընթացքում մենք կունենանք երկիր, որը զարգացման ճանապարհ է ընկել: Ես գիտեմ, որ 3-5 տարի հետո բոլոր հարցերը լուծված չեն լինի, բայց անպայման մենք ունենալու ենք ավելի դինամիկ զարգացող երկիր»,-նշեց նա:

Ինչպես նշեց՝ 2018-ը կարևոր իրադարձությունների տարի է լինելու. երկիրն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին, նշվելու են մեր անկախ պետականության ստեղծման 100-ամյակը, մայրաքաղաքի 2800 ամյակը, մոտ 85 երկիր Հայաստանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: