Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը Արթուր Ալեքսանյանին անվանական զենք նվիրեց

Սպորտ
a1lavagujn-marzik-2

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների մեծարման արարողությունը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարվա 10 լավագույն մարզիկներին հանձնեց հատուկ պատրաստված մրցանակներ եւ անվանական պատվոգրեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին պարգեւատրեց Hyundai մակնիշի ավտոմեքենաներով, որոնք իրենց տերերին սպասում էին համալիրի մուտքի մոտ: Սերժ Սարգսյանը դրամական պարգեւներ հանձնեց առավել աչքի ընկած մարզիկներին եւ մարզիչներին: Դրանք էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Մարզիչներից դրամական խրախուսանքի արժանացան Լեւոն Ջուլֆալակյանը, Փաշիկ Ալավերդյանը, Դավիթ Թորոսյանը եւ Լեւոն Հայրապետյանը: Օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին Սերժ Սարգսյանը նվիրեց անվանական զենք: Անմասն չմնաց նաեւ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ում ՀԱՕԿ-ը նույնպես Hyundai մակնիշի ավտոմեքենա նվիրեց:    Մեծարման արարողության մշակութային բաժնում հանդես եկան Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի Պետական կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ Լեյլա Սարիբեկյանը: Միջոցառումն ավարտվեց համալիրի գլխավոր նախասրահում՝ պաշտոնական ընդունելությամբ: