Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկատան երեխաների երազանքը

Հասարակություն
26133160_758509127668723_1933920123_n

Այսօր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները Երևանի կենտրոնում նախատոնական զբոսանքի էին դուրս եկել։ «Մեր երեխաներին նման հնարավորություն ընձեռվում է գրեթե ամեն ամիս, բայց քանի որ դեկտեմբերը նախատոնական ամիս է, ամենաշատն  այս ամիս են լինում»,- նշեց մանկատան սոցիալական մանկավարժ Մարինե Հարությունյանը։ Մարինե Հարությունյանը փաստում է, որ մանկատան սաները մասնակից են լինում նաև քաղաքի մշակութային կյանքին։ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային շենքում տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում են։ Մի քանի ֆիլմի դիտումներ ենք ունեցել ամանորին վերաբերող, գնացել ենք համերգների»,- նշեց Մարինե Հարությունյանը։  Դեկտեմբերի 25-ին մանկատան սաները այց են ունեցել նախագահի նստավայր։ Երեխաները հնարավորություն են ունեցել տեսնելու երկրի նախագահին, շփվելու և իրենց երազանքների մասին բարձրաձայնելու ։ «Մեր երեխաներն իրենց ձեռքով պատրաստում են կավից հուշանվերներ, իրենց ձեռքերն են պատրաստում կավից, ինչպես նաև պատրաստում ենք օճառներ։ Դրանցից մի մասը գնում է ցուցահանդես-վաճառքի։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ մեր երեխաներից մեկը կավից պատրաստած ձեռքը նվիրեց նախագահին և հրավիրեց մեր ամանորյա միջոցառմանը»,- ասաց սոցիալական մանկավարժը։ Խոսելով խնդիրների մասին՝ Մարինե Հարությունյանը նկատեց, որ թեև խնդիրներ ամեն տեղ էլ կան, բայց մանկատան աշխատակազմն ամեն ինչ անում է, որ դրանք հասնեն նվազագույնի։ «Այս պահին մեր գերնպատակն է, որ  հնարավորություն ունենայինք մեր երեխաների երազանքների գոնե մի մասը իրականացնելու։ Ամանորին  երեխաներից շատերն ուզում են տուն այցելել։ Նրանցից շատերի երազանքը քայլել կարողանալն է, մանկատան սաներն իրենց ու ընկերների համար առողջություն են ուզում»,- նշեց Մարինե Հարությունյանը։