Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ առաջին կանոնավոր չվերթով ՀՀ է ժամանել 96 ուղևոր

Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, այսօր` դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:  

Նախ, գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, գործընկերներին շնորհավորելով չվերթի բացման կապակցությամբ, նշել է, որ ցանկացած նոր չվերթ դեպի Հայաստան, միանշանակ, դրական երևույթ է և հավելել, որ Աշխաբադ Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված:

Թուրքմենհովայոլլարիի ծառայության պետի տեղակալը ևս, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն երկար և սպասված էր: Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչը, շնորհավորելով չվերթի մեկնարկի կապակցությամբ, ցանկացել է, որպեսզի այն երկարատև լինի:

Տեղեկացնենք, որ Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:

ՀՀ Քաղավիացիա