«Եթե Գալուստ Սահակյանը Մերսեդես էլ քարոզի, դրա վաճառքները կընկնեն» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ. Քաղաքագետ Էդգար Վարդանյանը սա համարում է ամենահավանական տարբերակը: «Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները միշտ են ասել, որ նա ընտանիքի հայրն է, որին չեն փոխում եւ նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը անվտանգության պաշտպանն է մեր երկրի եւ այդ խնդիրներով պետք է զբաղվի: Իսկ ո՞վ կարող է այդ հարցերով զբաղվել, եթե ոչ երկրի ղեկավարը»,- ասում է քաղաքագետը: Հանրապետականների մոտ, ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, խառնաշփոթ է նաեւ, քանի որ Կարեն Կարապետյանը բազմիցս է հայտարարել՝ ցանկանում է լինել վարչապետ. «Դա հանրապետական ուղեղներում միանգամից կասկած է առաջանում, որ առանց շեֆի հետ համաձայնեցնելու դժվար նման բան ասեր, հետո հայտարարում է Գալուստ Սահակյանը, թե Սերժ Սարգսյանն է լինելու, միանգամից այլ մտքեր են առաջանում... Թեպետ կարող եմ ասել, որ Գալուստ Սահակյանի ասածը սեւ PR է, եթե Գալուստ Սահակյանը Մերսեդես էլ քարոզի, նրա վաճառքները կարող են ընկնել»: Իսկ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ավելացնում է՝ Սերժ Սարգսյանը, իր նախագահության տարիներին խնդիր ուներ օլիգարխների հետ խոսել բիզնեսի լեզվով, իսկ Կարեն Կարապետյանը այդ խնդիրը չունի: «Նրանք մշտապես, անթաքույց դժգոհություն ունեին, տնտեսական վիճակից, տնտեսական զարգացումներից»: Ամփոփելով 2017 թ. ներքաղաքական զարգացումները` այսօր բանախոսներն անդրադարձան նաեւ ԱԺ խմբակցությունների աշխատանքին: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը այս խորհրդարանում ավելի շատ քաղաքական էլեմենտներ է տենում, քան նախորդ խորհրդարանում: Ծառուկյան դաշինքին էլ նա ավելի շատ տնտեսական ընդդիմություն է համարում: «Առինջ մոլ»-ի հետ կապված գործը հասել էր այն բանին, որ ֆրակցիան զբաղված էր հարկայինից ֆրակցիայի ղեկավարի, կուսակցության ղեկավարի բիզնեսի պաշտպանությունով: Ծառուկյան դաշինքը շատ յուրահատուկ ֆրակցիա է, շատ դեպքերում մեր արտաքին քաղաքական «եւ-եւ»-ը կարծես թե օգտագործվում է ներքին քաղաքականության մեջ՝ եւ իշխանության, եւ ընդդիմության հետ են լինում: Նախագահի հետ եւ են, վարչապետի հետ՝ ոչ»,- նշում է Վիգեն Հակոբյանը: Իսկ Ելքն էլ, ըստ նրա, փորձում է ընդդիմության լիդեր ներկայանալ ամբողջ դաշտում: Բայց կարող է լուրջ խնդիրներ ունենալ, եթե իրականում չդառնա մեկ կուսակցություն: «Բավականին տարբեր ծագումնաբանություն ունեցող քաղաքական ուժեր են, տարբեր ճանապարհ են անցել, տարբեր շրջանակների հետ են ասոցացվում եւ կարող են նաեւ խոցելի լինել, եթե իշխանությանը շատ բան դուր չգա»: Հակոբ Բադալյանն էլ ավելացնում է՝ խորհրդարանում 9 հոգանոց մանդատով գործնականում ոչնչի էլ չեն հասնի, եթե առաջին հերթին հանրապետականը եւ «Ծառուկյան դաշինք»-ը որեւէ բան չեն ցանկանում: Նա հիշեցրեց՝ երբ Ելքը դառնում էր խմբակցություն, իր առջեւ խնդիր էր դրել դառնալ մեկ կուսակցություն: Հակոբ Բադալյանի համար կարեւոր է, թե «Ելք»-ը ինչի կհասնի այդ ուղղությամբ, քան այն, թե ինչի կհասնի խորհրդարանում: