Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե բանակցային գործընթացում ուզում ենք բեկում, սահմաններին պետք է հանդարտություն լինի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Beqaryan

Հանրապետական խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր ասուլիսում ամփոփեց տարին՝ խոսելով Ղարաբաղի հակամարտության  կարգավորման գործընթացի մասին։ «Ակնկալել արդյունք քաղաքական գործընթացում, երբ շարունակվում են կրակոցները, և լինում են զոհեր, վիրավորներ թե զինվորականության, թե խաղաղ բնակչության մեջ, դա որևէ կերպ տրամաբանական չէ։ Եթե մենք ուզում ենք իրական բեկում բանակցային գործընթացում, սահմաններին պետք է լինի հանդարտություն։ Եվ պատահական չէ, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի, ապա նաև Ժնևի պայմանավորվածությունների դաշտում սա դիտվում է  առաջնահերթ»,-նշեց նա։ 17 թվականին սահմանին եղել են զոհեր, վիրավորներ, լիցքաթափման փոխարեն եղել է սրացում։ «Լիցքաթափման էլեմենտներ կարելի է դիտարկել Ժնևյան հանդիպումից հետո»,-ասաց նա։ Տարվա ընթացքում համանախագահությունը աշխատել է բավականին ակտիվ. «Ունեցել ենք համանախագահների 10-ից ավելի հաղորդագրություն-հայտարարություն: Այսինքն՝ ամսական միջինը կազմել է 1 հայտարարություն, դրան գումարած նաև հայտարարությունները, որոնք հաջորդել կամ նախորդել են ինչ-որ իրադարձության՝ արտգործնախարարների հանդիպում, համանախագահների տարածաշրջանային այց, նախագահների հանդիպում և այլն»։ Ըստ պարոն Բեքարյանի՝ հայտարարություններից կարելի է ընդհանրացնել հետևյալը. հանդիպումների ժամանակ փորձել են լուծել մի կողմից վստահության միջոցների և  սահմաններում լարվածությունը թուլացնելու խնդիրները, մյուս կողմից՝ բանակցային գործընթացը տեղից շարժելու խնդիրը: Բանախոսը կարևորեց նաև տարածաշրջանային և միջազգային ֆոնը։ «Տարածաշրջանն իր մեջ պարունակում է թեժ գոտիներ. կա իրական առաջընթաց Իրաքում և Սիրիայում, բայց պրոցեսը ավարտված և լիարժեք արմատախիլ արված չէ։ Բնականաբար սա իր որոշակի լարվածությունն է փոխանցում, քանի որ մենք շատ մոտ ենք գտնվում աշխարհագրորեն, մյուս գործոնը Իրան-Միացյալ Նահանգներ հակազդեցության նոր փուլն է։ Շարունակվել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը՝ փորձելու Հայաստանը մեկուսացնելու տնտեսական ծրագրերից և պրոյեկտներից»,- ասում է նա։