Կարպետագործ, տիկնիկագործ ու անգամ թաղիքագործ վարպետները վկայականներ ստացան (տեսանյութ)

Հուշանվերներ, շնորհակալագրեր տրամադրող երաժշտություն ու ջերմ մթնոլորտ։ Այսօր Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում կայացավ ժողովրդական վարպետի վկայականի տրման հանդիսավոր արարողությունը։

 «Ժողովրդական վարպետի կոչումը կարևոր է ոչ թե հարստություն դիզելու, այլ վարպետի վստահությունը և պատասխանատվությունը բարձացնելու համար։ Վարպետ-կենտրոն կապը ավելի ամուր կլինի, վարպետության դասեր կտան ու կցուցադրվեն»,- ասում է ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը։

Վկայականներ ստացան ասեղնագործ, փայտի և մետաղի գեղարվեստական քանդակի, արծաթագործ, կարպետագործ,տիկնիկագործ ու անգամ թաղիքագործ վարպետները Գորիսից, Դսեղից, Սիսիանից, Եղեգնաձորից, Գավառից ու Չարենցավանից։

Կենտրոնին էլ վարպետներն  առանց նվերի չթողեցին և նվիրեցին չար աչքի դեմ մի ակլատիզ տիկնիկ, թաղիքե շորով։

Կենտրոնում բացվեց տարվա ընթացքում իրականացված կրթական ծրագրերի տարեկան ամփոփիչ ցուցահանդես-վաճառք, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։