Եվգենի Կիսինը նվագել է հատուկ «Ա1+» ի համար (տեսանյութ)

Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երևանյան հանդիսատեսը կվայելի աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը։ 

«Չորրորդ անգամ եմ Հայաստանում, սակայն կարելի է ասել մոտիկից ձեր երկրին չեմ հասցրել ծանոթանալ։ Երբ հյուրախաղերի ես գալիս երկիր, չես տեսնում, այդպես է», -ասաց Կիսինը։- Բայց ասեմ, որ սիրեցի և ձեր երկիրը և հայ ունկնդրին և ձեր լեզուն, որ ձեր ճարտարապետության պես նրբագեղ է»:

Համերգին կհնչի Բեթհովեն և Ռախմանինով։ Կիսինի խոսքով, սիրում է ծրագրային բազմազանոթյուն, այս ելույթն էլ կառուցել է հակադրության սկզբունքով՝ դասական ավանդույթ և ռոմանտիզմ։

Բացի հայտարարված ծրագրից դաշնակահարը պատրաստել է անակնկալ կատարում, «սակայն նախապես զգուշացնեմ, -ժպտալով ասաց նա, -որ հայ կոմպոզիտորի գործ չեմ կատարելու, քանի որ ձեր երկրում եմ և սա շատ պատասխանատու կլիներ»։

Եվգենի Կիսինի իրադարձային ելույթով էլ «Երևանյան Հեռանկարները»  միջազգային երաժշտական փառատոնը կեզրափակի տարին։ Իսկ հաջորդ տարին փառատոնի համար հոբելյանական է,այնպես որ անակնկալներն առջևում են։