«Ամանորյա երգչախումբը» կօգնի կացարանով ապահովել մանկատան սաներին (տեսանյութ)

«Ամանորյա երգչախումբն» արդեն 5 տարի է` Ծննդյան տոներին երգում ու նվագում է Երևանի տարբեր հատվածներում՝ ապահովելով մարդկանց տոնական տրամադրությունը:

«Առանց որևէ գումարի, որքան հասցրել ենք՝ երգել ենք: Այս 5 տարվա ընթացքում փորձել ենք ավելի պրոֆեսիոնալ դառնալ ու որքան հնարավոր է առաջ գնալ, բայց դեռ չի լինում, քանի որ խումբը չի ֆինանսավորվում: Ամենահաճելին այն է, որ էներգիա ենք ստանում փողոցներում երգելով, երբ տեսնում ենք, որ ժողովուրդը մեզ հետ երգում է: Շատ հաճելի է, որ անընդհատ դրական էներգիա ենք ստանում»,- ասում է երգչախմբի իրանցի խմբավար Ամիրհոսեյն Վաֆային:

«Ամանորյա երգչախումբը» ստեղծել են ընկերներով ու դպրոցներից, համալսարաններից հավաքել ոչ միայն երաժիշտների, այլ նաև մարդկանց, որոնք ուղղակի սիրում են երգել: Հետաքրքիր է, որ երգչախմբի անդամները հայ են, իսկ ահա խմբավարը՝ իրանցի:

«Մենք այս պահին 15-16 հոգի ենք: Խմբերի ենք բաժանվում, գալիս երգում ենք: Լինում է, որ միասին ենք երգում: Ոչ բոլորն են պրոֆեսիոնալ երաժիշտներ: Մենք բոլորս ընկերն ենք, ամանորյա երգչախումբ, իրար կողք հավաքվում ենք ու երգում: Ուրախանում ենք ու փորձում մարդկանց ուրախացնել: Սա է գլխավոր գաղափարը»,- ասում է Ամիրհոսեյն Վաֆային :

Այս տարիների ընթացքում «Ամանորյա երգչախումբը» եղել է նաև «Բարի մամա» բարեգործական կազմակերպության կողքին, որը դրամահավաք է կազմակերպում մանկատան երեխաներին օգնելու նպատակով:

 «Ինչպես գիտեք՝  18 տարին լրացած մանկատան երեխաներն այլևս իրավունք չունեն մնալ մանկատանը և մեր կազմակերպությունը ներկա պահին կացարան է ստեղծում նրանց համար, որպեսզի կարողանան բնակվել: Մենք հիմա դրա համար ենք հանգանակություն կատարում»,- նշում է կազմակերպության ներկայացուցիչ Անգելինա Գարաքյանը:

«Ամանորյա երգչախմբի» գաղափարն ու նպատակը մեկն է՝ ուրախություն ու ժպիտներ պարգևել մարդկանց։