Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Բառնլիի» հետ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է այն ֆուտբոլիստների թվում, որոնց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրավիրել է հյուրանոց՝ առաջնության առաջիկա խաղին պատրաստվելու համար:

Հարկ է նշել, որ դրանք թվով 15-ն են: Դա նշանակում է, որ խաղից առաջ նրանց կմիանան եւս երեքը, որպեսզի լրանա հայտացուցակը: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, հյուրանոց չժամանածների թվում են եղել նաեւ թիմի առաջատար խաղացողներ Պոլ Պոգբան, Անտոնի Մարսյալը, ինչպես նաեւ Մատեո Դարմիանը, Վիկտոր Լինդելոֆը, Լյուկ Շոուն: Իսկ ահա Քրիս Սմոլինգը վնասվածք է ստացել նախորդ խաղին եւ դուրս է մնացել կազմից:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում այսօր իր հարկի տակ ընդունելու է 7-րդ տեղում գտնվող «Բառնլիին»: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: