«Էդ ի՞նչ հարց եք տալիս. ես Ձեր հարցերը չեմ հասկանում». Հակոբ Ղազանչյանը՝ լրագրողին (տեսանյութ)

Թատրոններում ներկայացումների թեմատիկան հնացած է ու կրկնվող։ Լրագրողի այս ձևակերպումը վրդովեցրեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին. «Թեմատիկայի կրկնությունը հնություն չէ։ Ես չեմ հասկանում Ձեր հարցերը։ Դուք ճիշտ հարցադրում չեք տալիս։ Ուրեմն «Համլետ» չբեմադրե՞նք։ Էդ ի՞նչ հարց եք տալիս։ Կամ ես «Ռևիզորը» բեմադրեցի վերջերս, չբեմադրեի՞։ Դասականը մնում է դասական, և դասական արժեքները կարելի է անընդհատ բեմադրել։ Դա թեմայի կրկնություն չէ։ Դասական գործը յուրաքանչյուր ժամանակաշրջանում բացվում է նոր ձևով, իհարկե նաև էդտեղ բեմադրիչի տեսանկյունը պետք է հստակ լինի։ Ձեր հարցը ճիշտ չէ»։

Ամփոփելով տարին՝ Թատերական գործիչների միության նախագահը նշեց, որ 2017-ը լի է եղել թատերական իրադարձություններով։ Նա առանձնահատուկ կարևորությամբ շեշտեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը. «Արտավազդը» մեծ թափ է առնում։ 2018-ին այն պատրաստվում ենք անցկացնել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում»։

Պարոն Ղազանչյանը մեծ հույսեր է կապում մարզային թատրոնների հետ։ «Գավառի, Գորիսի, Կապանի և Արտաշատի թատրոնները պետք է մշտական ուշադրության կենտրոնում լինեն»,- նշեց նա։ Գավառի թատրոնի նոր շենքը առայժմ ավարտին չի հասցվել։ Նախորդ մարզպետը, ըստ նրա, հսկայական ջանքեր է թափել, որպեսզի թատրոնի շենքը 0-ից կառուցվի։ Թեպետ կան թերություններ, այն է՝ կաթսայատունը վերին հարկում է տեղակայված, լուսավորությունը ճիշտ չի կարգավորված, փորձասենյակ չկա և այլն, այնուամենայնիվ լավ գործ է արվել։ Պարոն Ղազանչյանը հույս հայտնեց, որ թատրոնը կբացվի թատերական փառատոնով։

Մարզերը նույնպես կարիք ունեն մշակութային արժեքներին առնչվելու. տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր «Սյունիք» փառատոնը, որի նպատակն էր մայրաքաղաքի լավագույն ներկայացումները բեմադրել նաև Սյունիքի մարզի քաղաքներում։ «Եթե Գորիս և Կապան քաղաքներում պրոֆեսիոնալ թատրոնները ներկայացումներ ունենում են, Մեղրի, Ագարակ, Սիսիան քաղաքներում վաղուց մուտք չեն գործել։ Աբովյան քաղաքն ինձ համար հայտնություն էր։ Բոլոր փառատոններն անցան լեփ-լեցու դահլիճներում»,- ասում է նա։

2018-ի մայիսի կեսերին Երևանում անցկացվելու է  ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական հերթական ֆորումը, որին մասնակցելու են շուրջ 300 երիտասարդ բեմադրիչներ, դերասաններ, թատերագետներ, դրամատուրգներ և այլն: