Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե չհանդիպենք՝ ոչինչ… ողջ եղեք. Գուրգեն Էդիլյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
25.12-Ruzanna.Still048-1

Եվրոպական համալսարանները 20-րդ դարի սկզբին ավարտած հայ ուսանողներից շատերը դարձան Հայաստանի հումանիտար, բնական ու ճշգրիտ գիտությունների հիմնադիրներ և գիտնականներ: Գուրգեն Էդիլյանը Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից էր, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը և առաջին մանկավարժ հոգեբանը, որը Հայաստանում դրեց հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, ստեղծեց հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա: Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Իջևանում: Ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ուսումը շարունակում է Ենայի, Լայպցիգի և Բեռնի համալսարաններում, ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան և վերադառնում հայրենիք: Դասավանդում է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում, իսկ 1920 թվականին հրավիրվում է Երևանի պետական համալսարան և նշանակվում մանկավարժության ֆակուլտետի դեկան:  Էդիլյանը Ներսիսյան դպրոցի այն ուսուցիչներից էր, որոնք առաջին իսկ դասից դառնում էին սիրելի և սիրելի դարձնում իրենց դասավանդած առարկան… Այնպես հետաքրքիր էր պատմում նոր դասը, որ ամենաչարաճճի աշակերտն էլ լուռ ու լարված լսում էր նրան»,- գրում էր նրա սաներից մեկը: «Առաջին հայացքից մեզ վրա գերմանացի պրոֆեսորի տպավորություն թողեց, դեմքի խիստ արտահայտություն, խիստ պահվածք: Խոսքի ձևակերպումը ստույգ և ճշգրիտ էր: Դասախոսությունների գալիս էր ճիշտ ժամանակին, միշտ կոկիկ հագնված… Իսկ դասախոսության ժամանակ հաճախ էր դադար տալիս ու պատմում ամեն ինչից՝ կյանքից, գրականությունից, արվեստից ու ապագայից…»,- իր հուշերում գրել է գրականագետ-թատերագետ Ռուբեն Զարյանն իր ուսուցչի մասին: Էդիլյանը հեղինակ է 100-ից ավելի հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ գիտական հոդվածների, հրատարակված ու անտիպ աշխատությունների, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների: 1934-ին Գուրգեն Էդիլյանին շնորհում են պրոֆեսորի կոչում, իսկ 3 տարի անց նա դառնում է ստալինյան բռնաճնշումների  գոհը, որպես «ժողովրդի թշնամի»՝ աքսորվում Սիբիր, որտեղ և մահանում է 1942-ին և հետմահու արդարացվում: Ռուբեն Զարյանն իր հուշերում կգրի: «Վերջին դասախոսությանը մեկ ժամ պարապեց ու ավարտելով ասաց: Երբ կհանդիպենք, չգիտեմ: Կհանդիպենք դա էլ չգիտեմ: Եթե չհանդիպենք՝ ոչինչ… ողջ եղեք: Ասաց ու գնաց…Այլևս չհանդիպեցինք: Երբեք…»