Մահացել է Աղասի Արշակյանը (տեսանյութ)

Այսօր կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:

Աղասի Արշակյանը ծնվել է 1954 թվականին Երևանում: 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսրանը 1971-1975 թթ. աշխատել է բանվոր, շարժիչագործ, բետոնագործ, գիշերապահ, 1975-1978 թթ. ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» գիտաարտադրական միավորում Երևանի չափիչ սարքերի գործարանում եղել է տնտեսագետ, ավագ տնտեսագետ, 1984-1985 թթ. «Հայգյուղմեխանիզացիա» գիտաարտադրական միավորում փորձնական-գիտափորձնական գործարանում` աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժնի պետ: 1978-1984 թթ. և 1985-1990 թթ. ՀԽՍՀ տեղարդնախարարության «Լույս», ապա «Լուսին» արհմիություններում եղել է ավագ հաշվապահ, ավագ տնտեսագետ, աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժնի պետ:

1990 թվականին ՀՀ թիվ 47 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր: 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր, եղել է ԳԽ մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995-1999 թթ. զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով, եղել է Անդրեյ Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար:

1999 թվականին «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 1999-2003 թթ.՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իրավունք և միաբանություն» խմբակցության քարտուղար:

2003-2007 թթ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Միաբանություն խմբակցության անդամ, ԱՄԿ անդամ: