Հանրային սննդի օբյեկտները օրենքի խախտմամբ են աշխատում. փորձագետ (տեսանյութ)

«Նոր Զելանդիայում կարագը թանկացել է՝ մեզ մո՞տ էլ պիտի թանկանա. ո՞վ է ասում: Պետությունը  պետք է ունենա այլընտրանք: Դրա համար մեր սպառողները անճար վիճակում են»,- ասում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Ըստ նրա՝ այս տարի թանկացումները նախատեսվածից ավելի շուտ սկսվեցին:

Ըստ նրա՝ մենք չունենք միջին խավ, ունենք 30% ծայրահեղ աղքատներ, 30% աղքատներ, «30% էլ՝ ոչինչ, որ կարողանում է ինչ-որ տեղ լողալ»: Մեր պետական պաշտոնյաները բարձր են ստանում: Այդ ամենը խառնել ու միջին աշխատավարձ ստանալ՝ ճիշտ չէ:  «Միջին աշխատավարձը պետք է ստանայինք 60-70 % հաշվարկով: Ովքեր վատ են ապրում, դրանց գումարը պետք է հաշվարկեինք և միջինը հանեինք»,- ասում է տիկին Հակոբյանը:

««Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը բազմիցս խախտվել է այս տարվա ընթացքում»,- ասում է «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթայանը: Ասոցիացիան մշտադիտարկում է իրականացրել մոտ 1500 մեծ և փոքր առևտրական կազմակերպություններում և 3 տասնյակից ավելի արտադրական ընկերություններում: Ուսումնասիրել են հացամթերք-հացաբուլկեղենի, կաթ-կաթնամթերքի, մսամթերքի,  խմիչքների, ըմպելի հյութերի շուկան:

Շուկայում հացը մեծամասամբ առանց մակնշման է՝ չգիտենք ով է արտադրողը, ինչ տեսակի ալյուրից է, խոնավությունը, աղի քանակն ինչքան է և այլն: Հաց արտադրողների 2/3-ը օրենքի խախտումով է գործում: 3 տասնյակից ավելի կաթնամթերք արտադրողներից միայն 3-ին է հաջողվել այցելել և հավաստիանալ, որ արտադրում են տեղական հումքից պատրաստվող կաթնամթերք՝ Թամարա, Չանախ, Աշտարակ կաթ: Մսամթերքը սահմանված ստանդարտներին համապատասխանել է հետևյալ ֆիրմաներում՝ Բարի Սամարացի, Բեկոն, Աթենք և այլն:

Շատ դեպքերում սպառողին մոլորեցնում են՝ մակնշումը ճիշտ չկատարելով: Մակնշված է, թե կաթնամթերքը պատրաստված է անարատ կաթից, մինչդեռ պարզվում է ՝ օգտագործել են ներկրված չոր կաթ: Կան արտադրողներ, որոնք հացամթերքի մեջ հավելումներ են լցնում:

Ներկրված հրուշակեղենի շաքարային շոկոլադների տեսակարար կշիռը մեզանում ավելանում է Ուկրաինայից և այլ երկրներից ներկրումների շնորհիվ, որոնք ոչ միշտ են որակի սահմանված չափանիշներին համապատասխանում: Տեղական արտադրողի հրուշակեղենն ավելի մաքուր է: Խմիչքներից ուսումնասիրել են Պռոշյանի գինու, կոնյակի և Երևանի շամպայն-գինիների գործարանի արտադրանքները, փորձագետը 2-ի մասին էլ դրական կարծիք հայտնեց:

Հանրային սննդի օբյեկտները ևս «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ են աշխատում:

Մանրամասները՝ տեսանյութում