Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարեգործություն անելիս զգույշ եղեք. դուք հարստացնում եք անբարոյական մարդկանց»

Կարևոր լուրեր Հասարակություն
narine-1

Հաշմանդամություն ունեցող երեխաների  աջակցելու անվան տակ Ամանորի շեմին հատկապես շատանում են կեղծ դրամահավաքները։ «Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց մեր հասարակությունը զերծ չի մնում ստոր մարդկանցից, որոնք անցնելով բարոյականության շեմերը՝ շահարկում են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները, և դրանով գումար աշխատում։ Բազմիցս դիմել ենք ոստիկանություն, փորձել ենք հարցը լուծել իրավական դաշտում, սակայն ես հասկանում եմ ոստիկանության պասիվությունը, որովհետև չկան կոնկրետ փաստարկներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի քրեական գործեր հարուցել»,- նշում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։ Դրամահավաքները մի քանի ձևով են կատարվում։ Զանգահարում են տներ, ամսագրեր առաջարկում, որոնց վաճառքից առաջացած գումարով պիտի օգնություն տրամադրվի կարիքավոր երեխաներին։ Նարինե Մանուկյանը փաստում է՝ հիմա ձևը փոխել են, որ ավելի ազդեցիկ լինի։ Հաշմանդամություն ունեցող երիտասարդներն են մոտենում բնակարաններ և բաժանում այդ ամսագրերը։ Այս և նմանատիպ կեղծիքներ բացահայտելու նպատակով միավորվել են Հայաստանի մի շարք բարեգործական հիմնադրամներ ու կազմակերպություններ ու ստեղծել «Մենք ենք» կոալիցիան։ «Հիմա մենք այն վիճակում ենք հայտնվել, որ յուրաքանչյուր ծնող կարող է  դրամահավաք կազմակերպել առանց հիմք ունենալու, առանց հետազոտություններ անցկացնելու։ Օրինակ՝ եթե ծնողին դուր չի գալիս երեխայի բուժումը, կարող է ուղղակի ֆեյսբուքյան էջում դրամահավաք կազմակերպել երեխային արտասահմանում բուժելու նպատակով, մինչդեռ հնարավոր է, որ հիվանդությունը Հայաստանում բուժվում է։ Հաճախ հեքիաթային պատմություններ են հորինում, տեղադրում ֆեյսբուքում ու դրամահավաքներ կազմակերպում»,- նշում է կոալիցիայի անդամ Ելենա Բաղդասարյանը։ Կոալիցիայի անդամները միակարծիք են, որ ամսագրերի միջոցով բարեգործություններ անողները բոլորն էլ «աֆերիստներ» են։ Նրանք հասարակությանը կոչ են անում  ավելի կիրթ լինել բարեգործություն անելիս։ Եթե անգամ այդ գումարը տալիս եք, իմացեք՝ ում եք տալիս, որովհետև դուք հարստացնում եք անբարոյական մարդկանց։