Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Ժոզե Մոուրինյոն շանս կտա Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
a1mxitaryan-2312

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայում այսօր տեղի կունենան առաջին շրջանի վերջին՝ 19-րդ տուրի հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը», որը շարունակում է հետապնդել առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթիին», այսօր արտագնա խաղում կհանդիպի «Լեսթերի» հետ: Ինչպես տեղեկացնում են Մանչեսթերում լույս տեսնող հրատարակությունները, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է այդ հանդիպման նախնական հայտացուցակում եւ թիմի հետ մեկնել է Լեսթեր: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ թիմի կազմից դուրս է թողել պաշտպաններ Դեյլի Բլինդին եւ Մատեո Դարմիանին: Ինչպես նշում են ակումբին մոտ գտնվող լրատվամիջոցները, պորտուգալացի մասնագետը դժգոհ է մնացել «Բրիստոլի» հետ գավաթային խաղում այդ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից եւ վերջնականապես մտադիր է նրանց տրանսֆերի հանել հունվար ամսին: Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած ֆուտբոլն այդ խաղում վատ արձագանք չի գտել ԶԼՄ-ներում: Դրանք կարծում են, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերջին շանսը տալ հայ ֆուտբոլիստին՝ իր սպասելիքներն արդարացնելու համար: Ավելին, անգլիացի հայտնի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնինգստեյնը կարծում է, որ պորտուգալացի մարզիչը մեծ սխալ թույլ կտա, եթե հրաժարվի հայ ֆուտբոլիստի ծառայություններից, որն իր հատկանիշներով ոչնչով չի զիջում «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» կիսապաշտպաններ Կեւին Դե Բրեյնեին ու Մոհամեդ Սալախին (ի դեպ, Ժոզե Մոուրինյոն նախկինում հրաժարվել էր նրանց ծառայություններից): Այն, թե ինչպես Հենրիխ Մխիթարյանը կօգտագործի իր վերջին շանսը, կախված է հենց ֆուտբոլիստից: Հարկ է նշել, որ «Լեսթերի» հետ նախորդ հանդիպումում իրենց խաղով աչքի էին ընկել հենց մեր ֆուտբոլիստն ու Մատան, որի համար անգլիական լրատվամիջոցները խաղն անվանել էին «միկի-մատա»՝ համեմատելով հանրահայտ «տիկի-տակայի» հետ: Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն կստանա իսպանացի ֆուտբոլիստի հետ կրկնելու նույնը: