Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդամթերքի արտադրության ոլորտում ներդրվում է HACCP համակարգ

Պաշտոնական
DSC_6201

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ: Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: Հրավիրված փորձագետներ՝ ՌԴ «ԻնտերԿոնսալտ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Գարշենինն ու ԷՀԵՋ-ի ռուսաստանյան գրասենյակի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Մարկ Շամցյանը սեմինարի մասնակիցներին են ներկայացրել HACCP համակարգի նախագծման ու ներդրման հիմնական սկզբունքերը, ինչպես նաև բոլոր փուլերի ու ընթացակարգերի փաստաթղթավորման, արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի առանձնահատկությունները: Նաև պատասխանել են հարցերին՝ ինչպե՞ս խուսափել հիմնական սխալներից, ինչպե՞ս ապահովել նախնական սանիտարահիգիենիկ պայմանների կատարումը՝ մինչև հիմնական ռիսկերի հայտնաբերումն ու գնահատումը: Ծառայության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը մանրամասնել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011) բխող HACCP համակարգի ու սննդամթերքի արտադրության գործընթացում դրա վրա հիմնված ընթացակարգերի կիրառման պահանջները՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում արդեն պետք է այն ներդնեն՝ սահմանված ոլորտներում ու փուլերով. ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է: Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանը խոսել է հիգիենիկ նախագծման հիմնական ուղղությունների ու սկզբունքների մասին, ներկայացրել Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի առաքելությունը և HACCP համակարգի ներդրման հարցում նրանց մոտեցումները՝ ընդգծելով խմբի հետ համագործակցող կազմակերպությունների հաջողությունները: Նա հատկապես շեշտել է, որ համակարգի ներդրումը երաշխավորված հնարավորություն է ոչ միայն անվտանգ ու որակյալ սնունդ արտադրելու, այլև՝ միջազգային շուկայում ճանաչում ձեռք բերելու և կայուն դիրք զբաղեցնելու համար: Սեմինարի մասնակից տնտեսվարողները շեշտել են HACCP համակարգի մասին այսպիսի միջոցառում-սեմինարների արդյունավետությունը, ստացել պարզաբանումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակելու է տարբեր ձևաչափերով տնտեսավարողներին տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն