«Շատ քիչ է տարբերությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

2017-ի երկրորդ կեսին սահմանային միջադեպերի թուլացումը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով Մինսկի խմբի աշխատանքների հետ կապ չունի. «Լարվածության անկումը կամ թուլացումը կարող եմ կապել բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության չակերտավոր բարի կամքի կամ անձնական որոշման հետ»:

Հանրապետականի փոխնախագահն այսօր տարի էր ամփոփում: Նա սկսեց Եվրամիության հետ համաձայնագրից, գնաց Չինաստան, վերադարձավ Իրան՝ նկատելով, որ մենք մեր հարեւաններին լավ չգիտենք: Այդ իմաստով վիճակն ավելի վատ է թուրքերի հետ: Մեր հարաբերությունները փակուղում են. «Հայկական կողմի նախաձեռնությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն այլեւս քաղաքական օրակարգի մաս չեն լինելու 2018-ի գարունից սկսած»:

Ըստ նժդեհական գաղափարախոսության ներկայացուցչի, Թուրքիան այնուամենայնիվ այս բացակա հարաբերություններում ունի երեսը փրկելու կարիք, թեպետ նրա բոլոր ջանքերը տապալված են. «Իրենք չեն թաքցնում, բացահայտ խոսելով, որ հայ-թուրքական կարգավորումները շաղկապված են բացառապես արցախյան հիմնախնդրի ադրբեջանամետ լուծումների ակնկալիքների հետ»:

Չնայած դրան, հաջորդ տարվա Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը իսլամական պետությունների հետ հարաբերություններն աշխուժացնելն է: Ինքը նկատի ունի արաբական երկրներին, որոնք վատ են պատկերացնում Հայաստանը. «Հաշվի առնելով Ադրբեջանի վտանգավոր քաղաքականությունը տրամադրելու Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ իսլամական պետություններին, այդ քաղաքականությունը հաջողություն չի գրանցում, բայց այդուհանդերձ այդ մարտահրավերները գոյություն ունեն»:

Խորհրդարանական դիվանագիտության նվաճումներին անդրադառնալիս պարոն Աշոտյանը չի շրջանցում նաեւ ընդդիմության հետ աշխատանքը. «Հայաստանի սահմանը հատելիս շատ քիչ է զգացվում տարբերությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ»:

Ի դեպ, պարոն Աշոտյանը խոսել է նաեւ երեկ խորհրդարանում «Ելքի» վերցրած բազմաթիվ 20 րոպեանոց ընդմիջումների մասին եւ հեգնել այդ ուժին: Ըստ Արմեն Աշոտյանի, «Ելքը» պարզապես ծանր է տանում, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված լծակներից ոչ մեկն իրենը չէ: