Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի կարելի հուշարձանների մի խումբ հավաքել մի տեղ և ասել, որ պահպանեցինք» (տեսանյութ)

Հասարակություն
mmm

Տարին ճարտարապետների համար նշանակալից եղավ նրանով, որ վերջապես օրենք ունեցան, և այն Հայաստանի ճարտարապետների միության գործունեությունը փոխեց ավելի գործնականի: Ըստ միության նախագահ Մկրտիչ Մինասյանի՝ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով ճարտարապետներն իրենք ինքնակառավարման միջոցով  կկարողանան տեսնել դաշտը, թափանցիկ դարձնել այն, մրցույթների միջոցով ընտրություն կատարել, որն ավելի աշխույժ կդարձնի դաշտը, կունենան մասնակիցների ավելի մեծ թիվ, բազմազան նախագծեր ու նոր գաղափարներ: Պարոն Մինասյանը մեծ հույսեր է կապում 2018-ի հետ: Ըստ նրա՝ հասարակական կազմակերպությունների առաջարկություններն ու դիտողությունները կարող են լսել կամ չլսել, մինչդեռ օրենքը թույլ է տալիս նախագծեր քննարկել և առաջարկել կառավարությանը: Օրենքի առավելություններից մեկն էլ այն է, որ ճարտարապետներին արտոնագիր կտրվի, որով նրանք կկարողանան աշխատել: «Ա1+»-ը հարց ուղղեց բանախոսին՝ եթե ամեն մի անհատ, պետությունից առավել գերադասելով իր շահը, գա ու ինչ ցանկանա կամ ինչպես ցանկանա կառուցի, արդյո՞ք դա չի աղճատի քաղաքի տեսքը, և ինչո՞ւ շատ դեպքերում պետությունը չի պարտավորեցնում քանդել նորմերին չհամապատասխանող կառույցները: Պարոն Մինասյանը պատասխանեց. «Կան ճարտարապետական խորհուրդներ, քաղաքապետարանը, որոնք հսկում են, որ շինարարությունը նորմայով լինի և այլն, բայց կառուցապատողն ամեն ճանապարհ ընտրում է, որ այդ նորմայից դուրս գա: Նրանք ամեն կերպ խուսափում են մինչև վերջ կատարել այն, ինչ նախագծով հաստատված է: Դրանք պետք է քանդել»: Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին՝ ճարտարապետը նշեց իր անձնական կարծիքը. «Մեր մեծ սխալներից մեկն է լինելու...Ես ոչ թե դեմ եմ հուշարձաններին, այլ՝ հուշարձանները լինում են իրենց միջավայրում: Չի կարելի հուշարձանների մի խումբ հավաքել, մի տեղ ամփոփել դրանք և ասել, որ հուշարձանները մենք պահպանեցինք, այն էլ այն տեղում, որտեղ Թամանյանի հիմնական արտահայտչական գծերից մեկը ոչնչացնում ենք: Ես բացասաբար եմ վերաբերվել միշտ»: