Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրային կոնֆլիկտ. սպառնում են փակել ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը. Էկոլուր (տեսանյութ)

Հասարակություն
1-3

«Վեոլա ջուր» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցները 2017թ-ի նոյեմբերին պոկել են իրենց կողմից կնքված Լոռու մարզի սահմանամերձ Սարչապետ համայնքի 7 ընտանիքների ջրաչափերի կնիքները և ստիպում են վճարել մեծ տուգանքներ «ապօրինի» ջրօգագործման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, 2016թ-ին դառնալով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, ապօրինի է համարում Սարչապետի բնակիչների ջրօգտագործումը, որը բնակիչները ստանում են իրենց իսկ ուժերով քաշած ջրագծերի միջոցով` ունենալով «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համաձայնություն: Ավելին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Սարչապետ համայնքի բնակիչներին չի դարձնում բաժանորդ` պահանջելով տուգանքների մուծում: Սարչապետի բնակիչ Ստեփան Առաքելյան. «Ես դիմել եմ «Վեոլիա ջուր»` ջրաչափի տեղադրման և բաժանորդ դառնալու համար և գործավարության համար կատարել եմ համապատասխան վճարում: Սակայն ընկերությունը հրաժարվում է ինձ բաժանորդ դարձնել, չնայած գործավարության համար գումարը հետ չի վերադարձրել: Ինձ տուգանել է 78.875 դրամով` պատճառաբանելով, թե ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից կատարել եմ ապօրինի սպառում: Տուգանքը չվճարելու դեպքում «Վեոլիա ջուր»-ը դիմելու է դատարան»:  Տուգանքի չափը «Վեոլիա ջուր»-ը որոշել է հետևյալ հաշվարկով` ջրի թողունակությունը` 0.716մ3/ժ, բազմապատկել է 24 ժամով: Ստացվել է, որ բնակիչը օրական ծախսում է 17.184 մ3 ջուր,  30 օրվա համար հաշվարկել են 515.52 մ3 ջրի ծախս, որն էլ բազմապատկել են 153 դրամով և ստացել են տուգանքի չափը: «Մենք ջրաչափը դրել ենք, իրենք եկել, նկարել են: Ծախսել ենք մոտ 2000 դրամի ջուր մոտ 1 ամսում, իրենք 80 հազար դրամի տուգանք են գրել»,- ասաց Ստեփան Առաքելյանը: 10 ընտանիք արդեն ստացել է տուգանքի մասին ծանուցում: «Ես թոշակառու մարդ եմ, որտեղի՞ց ինձ այդքան գումար, որ տուգանք մուծեմ»,- դժգոհեց սարչապետցի Գուրգեն Առաքելյանը: «Մենք անցած տարվա հոկտեմբերից օգտագործում ենք ջուրը: Ինչո՞ւ մինչև հիմա մեզ չեն տեղեկացրել, որ հիմա նոր սկսել են տուգանել»,- ասաց սարչապետցի Ծովակ Բարոյանը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Սարչապետում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումը սկսեց իրականացնել Ասիական զարգացման բանկի 40 միլիոն դոլլար վարկային միջոցներով` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր - լրացուցիչ  ֆինանսավորում» ծրագրի իրականացման արդյունքում: Ծրագիրը իրականացնում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որը մասնակիորեն խմելու ջրագծեր անցկացրեց Սարչապետում: Ներկայումս Սարչապետում շուրջ 200 ընտանիք ջուր ունենալու համար օգտագործում է  սեփական  ուժերով  հորատված արտեզյան   հորերը   և   գոյություն   ունեցող   լոկալ   աղբյուրները: Այդ ջուրը վարակազերծված չէ:  Համայնքի մի քանի ընտանքիներ, «Հայջրմուղկոյուղու» հետ համաձայնության գալով, սեփական միջոցներով ջրագծեր անցկացրեցին, դրեցին ջրաչափեր: Ըստ բնակիչների` 2017թ-ի մայիսին «Վեոլիա ջուրը» կնքեց 11 ընտանիքի ջրաչափերը: Սակայն նոյեմբերին   «Վեոլիա ջուրը» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցը պոկեց 7 ընտանիքի ջրաչափերի կնիքները: Հարց է առաջանում, թե որքանով է օրինական նման գործողությունը և տուգանքները և բնակչությանը բաժանորդ չդարձնելը: «Ջուրը 20 սմ տրամագծով խողովակաշարով շաբաթական 3 անգամ 3-4 ժամով են մղում գյուղ, պատկերացրեք, ինչքան է հետ հոսում, լցվում Տաշիր գետ: Աչքներիս առաջ ջուրը գնում է, իսկ մեզ չեն տալիս»,- ասաց Գևորգ Բարոյանը: Բնակիչները նշում են, որ չեն հրաժարվում իրենց ծախսած ջրի դիմաց վճարել, եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունը դարձնի իրենց բաժանորդ և ընկերության կառավարմանը կհանձնեն իրենց ուժերով քաշած ջրագծերը: Եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են պայքարել մինչև վերջ, ընդհուպ մինչև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակելը: ԷԿՈԼՈՒՐ