Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային բանկի խումբը նոր ծրագիր է սկսում՝ վայրի բույսեր հավաքող կանանց համար

Պաշտոնական Հասարակություն
Untitled-collage-3

Համաշխարհային բանկի խումբը Հայաստանում մեկնարկում է նոր խորհրդատվական ծրագիր՝ ուղղված վայրի բույսերի բերքահավաքում ներգրավված կանանց աջակցմանը, արդյունավետության մեծացմանը, աղքատության կրճատմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Հայաստանում գենդերային եռամյա ծրագիրը, որն իրականացվում է IFC-ի՝ Համաշխարհային բանկի քույր կազմակերպության և Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպության կողմից, կօգնի կանանց առավել արդյունավետ գործունեություն ծավալել այդ ոլորտում և կամրապնդի նրանց կապերը գնորդների ու արտադրողների հետ։ Վայրի բույսերի բերքահավաքում ներգրավված են հիմնականում կանայք և այն Հայաստանի առավել չքավոր, հատկապես հեռավոր բնակավայրերում ապրող քաղաքացիների եկամտի կենսական աղբյուր է հանդիսանում։ Այսուհանդերձ, դրա արդյունավետությանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ վատ զարգացած արժեշղթաները, որոնք զուգակցվում են ցածր շրջանառությամբ, և շահույթով։ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանն ասում է. «Վայրի բույսերի բերքահավաքի արժեշղթաների զարգացումը Հայաստանի հեռավոր բնակավայրերում ապրողների կենսակերպը բարելավելու մեծ ներուժ է պարունակում։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, պետք է ներկա մասնատված համակարգը կարգավորել և առավել արդյունավետ դարձնել՝ ստանդարտացնելով հավաքի մեթոդները և ամրապնդելով գնորդների ու շուկաների միջև կապը»։ Ծրագիրը կհամագործակցի «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» հետ՝ բիզնեսի թեմայով կրթության, մենթորինգի և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքների միջոցով ձեռներեցների հմտությունների բարելավման և արժեշղթաների ներգրավումն ամրապնդելու նպատակով։ Ծրագիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կանոնակարգային դաշտի կարգավորման հարցերում խորհրդատվություն կմատուցի։ Կանոնակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցությունն ապահովելու նպատակով` ծրագիրը կնպաստի հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կանանց բիզնես միավորումների, գնորդների, արդյունաբերական ցանցերի և կառավարության աշխատանքների համակարգմանը։ «Կանանց զբաղվածությունը կենսական կարևորություն ունի տնտեսական զարգացումը խթանելու գործում, ուստի կանանց՝ աշխատաշուկայում մասնակցելու դեպքում Հայաստանը երկկողմանի շահող դիրքում կհայտնվի», – նկատեց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար՝ Յան վան Բիլսենը։ «Այս նոր ծրագրի նպատակն է օգնել ոլորտում ներգրավված կանանց՝ մուտք գործել նոր շուկաներ, աշխատելով առանցքային շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերացվեն խոչընդոտները և ընդունվեն ոլորտի զարգացմանը նպաստող կանոնակարգեր»։ Հայաստանի գենդերային ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության և Համաշխարհային բանկի՝ Գենդերային հավասարության բազմադոնոր հովանոցային հիմնադրամի կողմից։ Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ն տրամադրել է ավելի քան 480 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 118 միլիոնը գոյացել է այլ վարկատուների միջոցներից, ֆինանսավորելով շուրջ 49 ծրագիր մի շարք ոլորտներում, որոնցից են ֆինանսական շուկաները, արտադրությունը, ագրոբիզնեսը, սպասարկումն ու հանքարդյունաբերությունը։ IFC-ն աջակցել է նաև ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային գործարքներին՝ առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով, ինչպես նաև իրականացրել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։