Գունավոր բուրդ՝ ներկի ու կտավի փոխարեն (տեսանյութ)

Երբ հոբբին ավելի է, քան զբաղմունք, այն դառնում է հաճելի աշխատանք ու երազների իրականացում։ Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ, հոգու մղումով նրբաճաշակ արվեստի մարդ Անահիտ Մատինյանը, երբ հասկացավ, որ կարող է իրականացնել նկար ստեղծելու իր վաղեմի երազանքը, որոշեց փորձել։ Ստացվեց, հետո քիչ-քիչ աշխատանքները հավաքվեցին և որոշեց ցուցադրել։ Սա նրա երկրորդ անհատական ցուցադրությունն է, որն այս անգամ բացվել է «Դալան» ցուցասրահում։

Առաջին հայացքից այս նկարները կարծես սովորական նկարներ են։ Սակայն այս աշխատանքների նյութը ներկն ու կտավը չի, այլ սովորական գունավոր բուրդը, ավելի ճիշտ բրդյա ներկած մանրաթելը։

 «Միշտ եմ բուրդ սիրել, իսկ երբ աշխատում ես դառնում է բնական, տաքուկ, հաճելի նյութ։ Նաև նկարում խորություն ստեղծելու հնարավորություն է տալիս»,-ասում է տիկին Անահիտը։

Սարյանի, Այվազովսկու ու Կլիմտի վերարտադրությունների կողքին տիկին Անահիտի հեղինակած կակաչներն ու արևածաղիկներն են։ 

Անահիտ Մատինյանի անհատական գործերի ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մինչև դեկտեմբերի 25-ը։