Խորհրդարանական քվեարկության կազուսի իրավական վերլուծությունը և պատճառները. ԻՔՄ

Նախօրեին Ազգային ժողովում քվեարկության էր դրված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ։ Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նախագիծը սահմանադրական է, հետևաբար դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի՝ այս դեպքում առնվազն 63 կողմ քվեները։ Քվեարկությունից հետո 61 «կողմի» պայմաններում Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորներից մեկը կողմ է քվերակել, իսկ Արփինե Հովահաննիսյանն, ով չի մասնակցել քվեարկությանը ևս կողմ է, ուստի 63 կողմ քվեով նախագիծն ընդունվում է։ Սակայն քիչ անց պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, որ պատահաբար է կողմ քվեարկել և իրականում մտադիր էր դեմ քվեարկել: Խորհրդարանում բարձրացած աղմուկից հետո մեկնաբանություն տվեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Վերջինս հայտարարել էր, որ ընդունվող նախագիծն, իր կարծիքով, սահմանադրական օրենք չէ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց հասկանալ և քաղաքացիներին հանրամատչելի կերպով ներկայացնել կազուսի էությունը, պատճառները և լուծման ուղիները:

Սահմանադրությունում հստակ է

2015թ.-ի Փոփոխություններով Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասը ամրագրում է, որ դատական օրենսգիրքը ի թիվս այլ օրենսգրքերի ու իրավական ակտերի համարվում է սահմանադրական օրենք և այն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Սահմանադրական այս նոր իրավակարգավորումը համաձայն նույն փոփոխություններով Սահմանադրության 209-րդ հոդվածի 1-ին մասի և Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից: Այսինքն, ներկա պահին արդեն իսկ ուժի մեջ է մտել այն սահմանադրական իրավանորմը, որի համաձայն գործող դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և  որպես սահմանադրական օրենք պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Վերոհիշյալի լույսի ներքո, անդրադառնալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ներկայիս իրավակարգավումներին, հարկ է նկատել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը ամրագրում է, որ իրավաստեղծ մարմինը, այսինքն` օրենսդիրը, իրավական ակտում փոփոխությունն և լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով:

Եթե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ իրավակարգավորումը համադրենք Փոփոխություններով Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակության հետ, ապա կհանգենք հետևության, որ սահմանադրական օրենքի ուժ ունեցող դատական օրենսգրքում պետք է փոփոխություններ ու լրացումներ կատարվեր այն ընթացակարգով, որը սահմանված է սահմանադրական օրենք համարվող դատական օրենսգրքի ընդունման համար, այն է` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Նկատենք, որ համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ սահմանադրական օրենքները այլ օրենքներից ու օրենսգրքերից ավելի բարձր իրավական ուժ ունեն և դա է պատճառը, որ Սահմանադրությաբ ամրագրված է, որ դրանց պետք է կողմ քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ը (60%-ը):

«Իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրը

Սակայն նաև պետք է արձանագրենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ նախադասությունը լրացուցիչ ամրագրում է նաև հետևյալ կանոնը. Օրենսգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են օրենքով: Այս իրավակարգավորումը ամրագրվել և գործել է 2005թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրության տեքստին համահունչ, և այդ մասով որևէ հակասություններ չի առաջացնում այդ ժամանակ գործող Սահմանադրության հետ: Սակայն իրավիճակը փոխվեց Փոփոխություններով Սահմանադրության նոր իրավակարգավորումներով, որոնցով սահմանվեց «սահմանադրական օրենք» հասկացությունը և դրա ընդունման առանձնահատկությունները: Սակայն, դրանով հանդերձ, համապատասխան փոփոխություններ չկատարվեցին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասում:

Արդ, տեղի ունեցած իրավիճակում պետք է գերակայեր Փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասն ու «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասության իրավակարգավորումները, ոչ միայն այն պատճառով, որ Սահմանադրությունը ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, այլև քանի որ հակառակ պարագայում կստացվի, որ պատգամավորների 50 տոկոսը կարող են փոփոխել մի իրավական ակտ, որի ընդունման համար պետք է քվեարկեն պատգամավորների առնվազն 60 տոկոսը: Այսինքն, սահամանադրական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի ընդունումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Ավելին, նշենք, որ նման խառանշփոթային իրավիճակները օրենսդիր մարմնում կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները չեն համապատասխանեցվի գործող Սահմանադրական նորմերին:

Էդգար Հակոբյան, փաստաբան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»