Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դավիթ Հարությունյանը հեղինակավոր իրավաբան է, բայց մենք էլ կարծիք ունենք». սանիկը՝ քավորին (տեսանյութ)

Քաղաքականություն
6d2d7466abfa2a0fd9b337921d282045

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկվանից խառնաշփոթ է ստեղծել խորհրդարանում հայտարարելով, որ «Դատական օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների մասին» օրինագիծն ամենեւին էլ սահմանադրական օրինագիծ չէ։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշում է. «Ես սահմանադրագետ չեմ, ես կարծում եմ՝ խորհրդարանը պետք է ունենա այնքան իրավական կարողություն, որպեսզի որոշի օրենքը սահմանադրական է, թե ոչ»: Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հենց Ազգային Ժողովի ամբիոնից է հայտարարում՝ մենք ենք որոշում՝ օրինագիծը սահմանադրական է, թե՝ ոչ. «Ուզում ա ամբողջ կառավարությունը որոշում կայացներ, որ սա սահմանադրական օրենք չի, եթե Ազգային Ժողովը որոշեց, որ սա սահմանադրական օրենքի ռեժիմով է քննարկում, որովհետեւ Ազգային Ժողովն ըտենց մեկնաբանեց Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի դրույթները, ուրեմն դա քվեարկվելու ա սահմանադրական օրենքի ռեժիմով»: Պարոն Կոստանյանը վստահ է, որ Դավիթ Հարությունյանը խորհրդարանին թյուրիմացության մեջ չի գցել եւ չի պատվազրկել մի ամբողջ օրենսդիր մարմնի ասելով, որ չգիտեն, որ օրինագիծը սահմանադրական չէ: Դա Դավիթ Հարությունյանի կարծիքն է եղել: Հիշեցնենք, որ խոսքը 2007-ին ընդունված «Դատական օրենսգրքում» նոր փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին է. «Կառավարությունը գտնում էր, որ այդ սահմանադրական օրենք լինելու հանգամանքը վերաբերվում է նոր «Դատական օրենսգրքին», որը պետք է ընդունվի, բայց մեր դիրքորոշումը նա է, որ անգամ հին «Դատական» օրենսգիրքը, որն ընդունվել է մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը, հիմա եւս դիտվում է սահմանադրական օրենք»: Դավիթ Հարությունյանը սա գիտի, ըստ Գեւորգ Կոստանյանի, բայց կա իրավական մոտեցումների տարբերություն: Վերջինս վստահեցնում է, որ գոնե ինքը արդարադատության նախարարի հետ անձնական ոչ մի խնդիր չունի: Մարդը նախկին գլխավոր դատախազի քավորն է ու նաեւ՝ կնունքի քավորը. «Դավիթ Հարությունյանը լուրջ իրավաբան է, հեղինակավոր իրավաբան է, բայց մենք էլ կարծիք ունենք»: Տարբեր լրատվամիջոցներում կա տեսակետ, սակայն, որ Դավիթ Հարությունյանի սլաքն ուղղված է եղել արդարադատության նախկին նախարար, հանրապետական Հրայր Թովմասյանի դեմ: Վերջինս դա հերքում է. «Ես ջերմ, ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ: Դավիթ Հարությունյանը երբ գալիս է Ազգային Ժողով, իմ կաբինետում է լինում, ես վերջին մեկ ամսում երեւի 20 անգամ կամ 20 օր անցկացրել եմ արդարադատության նախարարությունում տարբեր նախագծեր քննարկելու»: Ավելին, ըստ Հրայր Թովմասյանի, պարոն Հարությունյանի ասածում տրամաբանություն կա: Բայց եթե նույնիսկ այդպես է, խորհրդարանի մեծամասնությունն ընտրեց օրինագծի քվեարկության բարդ ճանապարհը, որպեսզի չմեղադրվի այն հեշտ անցկացնելու մեջ։