Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը․Արմեն Սաղաթելյան (տեսանյութ)

Տնտեսություն
amulsar

2017թ դեկտեմբերի 12-ին իրականացված այլընտրանքային հանրային փորձաքննության արդյունքում Ամուլսարում ոսկու հնարավոր արդյունահանման և ցիանիդով վերամշակման ծրագրին տրվեց էկոլոգիական բացասական եզրակացություն։ Հանդիպման մասնակցած գիտնականները, հետազոտողներն ու բնապահպանները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացրին հիմնական անկառավարելի վտանգներն ու հաստատեցին, որ այս ծրագիրն ընդհանրապես անթույլատրելի է։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի մասնագիտական զեկույցի համառոտագիրը․ «Հանքավայրը սուլֆիդային է։ Նույնիսկ ուժեղ օքսիդացված հանքավայրերում պահպանվում է սուլֆիդների որոշակի պարունակություն և ջրի առկայության պարագայում ձևավորվում է թթու դրենաժ, որի երևակումները առկա են հանքավայրի տարբեր մասերում։ Երբ հանքավայրի վերին մասը բացվի և բացահանքերը սկսեն խորանալ՝ ջրի ներհոսքը դեպի հանքայնացված ապարներ զգալիորեն կաճի և արդյունքում կավելանա թթվային դրենաժի ծավալը։ Վերջինիս արտահոսքը կրելու է ապակենտրոնացված բնույթ բազմաթիվ աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով։ Այս տիպի արտահոսքը չի կարգավորվում։ Միևնույն ժամանակ հանքավայրի ապարները խիստ ճաքճքված են և այս պատճառով ներհոսող ջուրը չի կուտակվելու բացահանքերի հատակին, այլ միանգամից ներծծվելու է խորը հորիզոններ։ Արդյունքում կձևավորվի վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում այլ տասնյակ, գուցե հարյուրավոր տարիներ հանքավայրը փակելուց հետո։ Թթու ջուրը ակտիվ լուծում է ապարներում առկա ծանր մետաղները, որոնք հանքավայրում շատ են՝ այդ թվում տոքսիկության առաջին դասի՝ սնդիկ, կապար, մկնդեղ և այլն։ Արդյունքում ձևավորվում է բարձր թթվայնության, ծանր մետաղների իոններով հարստացված արտահոսք, որը միախառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կազդի ջրի որակի և պիտանելիության վրա։ Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասը անմիջապես ազդելու է Սպանդարյան-Կեչուտ թունելի վրա՝ քայքայելով բետոնը և երկաթե մասերը։ Արդյունքում տեղի կունենան փլուզումներ։ Նույնիսկ վնասված թունելը կհանդիսանա դրենաժային ուղի, որով թթու և թունավոր ջրերը անարգելք կներհոսեն Կեչուտի ջրամբար (5 մլն մ3/տարի և ավելի)։ Արդյունքում, երբ անհրաժեշտություն կծագի լրացուցիչ ջուր տեղափոխել Սևանա լիճ, դա անհնար կլինի առանց լճի էկոհամակարգերին լուրջ վնաս հասցնելու և ջրի որակը կորցնելու։ Հանքավայրի տարածքից աղտոտված ջրի արտահոսքը խառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կբերի լուրջ խնդիրներ ոռոգվող գյուղատնտեսական հանդակներում՝ մասնավորապես խաղողագործներին։ Նշված երևույթը, ելնելով հանքավայրի լեռնատեխնիկական պայմաններից, հանդիսանում է անկառավարելի ռիսկ։ Այն չի մատնանշվել ՇՄԱԳ-ում, և ավելին, մինչ վերջին ժամանակ կտրուկ հերքվում էր Լիդիան Արմենիա ընկերության կողմից։ Հանքավայրի շահագործման արդյունքում բնական միջավայր են արտանետվելու սնդիկ և ածխածնի երկօքսիդ, ինչով ՀՀ-ն կխախտի միջազգային կոնվենցիաներով (Մինամատա, Կլիմայի պահպանման) ստանձնած պարտավորությունները։ Այս ռիսկը նույնպես ՇՄԱԳ-ում չի նշված։ Չլուծված խնդիրները թելադրում են կասեցնել հանքավայրի շահագործումը և շտապ ջրամեկուսացնել արդեն քանդված մակերեսը»։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն