Մայրը համոզված է՝ որդուն սպանել են զորամասում, ապա՝ կախել. ակցիա (տեսանյութ)

Արդեն 10 տարի է` Գոհար Սարգսյանը չգիտի իր որդու  մահվան իրական պատճառը: Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանը ըստ գործի նյութերի, 2007թ. օգոստոսի 30-ին էլեկտրահարվել էր:   «Երբ  Աղվան Հովսեփյանը դատախազ էր, բազմիցս  եղել եմ իր մոտ, ես ասում եմ՝ դուք ապացուցեք, որ իմ երեխան էլեկտրահարվել է, ես էլ բողոք չունեմ: Այդ ցավը ավելի տանելի է, քան իմանաս, որ քո տղային սպանել են՝ ի՞նչի համար, չգիտես»,- «Ա1+»-ին ասաց Գոհար Սարգսյանը:

Նախկին  դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ էլ Գոհար Սարգսյանը   գնացել է  զորամաս: Նրան եւս ասել է, որ եթե ապացուցեն, որ  որդին էլեկտրահարվել է այդ դեպքի վայրում, ոչ մի բողոք չի ներկայացնի. «Նա ասեց՝ կասկած չկա, որ դեպքի վայրը փոխվել է»:

Տիկին Գոհարը համոզված է՝ որդուն սպանել են Հայկազ Բաղմանյանի թիկնապահները, այդ իսկ պատճառով էլ այն չի բացահայտվում:

8 տարի էլ իր որդու  մահվան իրական հանգամանքները պարզելու համար է պայքարում Նանա Մուրադյանը: Ըստ գործի նյութերի՝  Վալերի Մուրադյանին դրդել են ինքնասպանության:  «8 տարի է՝ գոռում եմ լավ դրել եք ինքնասպանության դրդում հոդվածը , լավ ձեր մուրը ձեր գլուխը , բա դրդողներն ո՞ւր են»:

Դեպքից տարիներ անց նոր միայն հայտնաբերել են դրդողները եւ նրանք նկատմամբ հետախուզում հայտարարվել: Հենց այդ պատճառով էլ հերթական անգամ  գործը կասեցրել են: Որդեկորույս մայրը,  սակայն համոզված է՝ Վալերիին  սպանել են. «Իմ տղայի վրա մարմնական վնասվածքներ կան, բութ առարկայով քերծվածքի տեղեր կան, վնասվածներ կան: Այն աթոռը, որի վրա իրենց ասելով իմ տղան կանգնել է , հետքեր չեն վերցրել, իմ տղայի զինվորական կոշիկները գոյություն չունեն: Իմ տղային մահացած են բերել , կախել: Պարանոցի վրա պարանի տեղը երեւում է, որ սպանել են, հետո նոր բերել կախել են, որի մասին խոսում է նաեւ դատաբժիշկը»,- ավելացնում է  Նանա Մուրադյանը:

   Այս գործով նախաքննությունը պարբերաբար վերսկսվում է եւ նորից կասեցվում:

Այսօր կառավարության շենքի դիմաց էին նաեւ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիները: Նրանք  ութ տարի առաջ բնակարանի գնման պայմանագիր  են կնքել, սակայն մինչ օրս բնակարան չունեն: Դատական ատյաններն էլ իրենց օգտին չեն որոշում կայացրել: «Դատական ատյաններ չունենք, դրանք լրիվ թատերական ներկայացումներ են: Մեր իրավունքները ոտնահարեցին, բառիս բուն իմաստով մեզ տրորեցին, վաշխառուները, քանի որ պաշտոնավոր էին, մաքուր դուրս եկան: Մեր բնակարաններից իրական տերերին հանեցին, իրենք դառել են իրական բնակարանների տերեր: Հիմա ինչ ուզում են անում են, ծախում են»,- ասում է  Արուս Վանյանը:

Նրանք հիշեցնում են՝  տարիներ շարունակ վարձով են ապրում եւ բարոյապես ու ֆինանսապես շարունակում են տուժել: