Արամ Աթեշյանը լավ է զգում, երբ իր մասին ասում են՝ Էրդողանի եղբայրն է (տեսանյութ)

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ «Ես գրավոր ունեմ, որ ես պատրիարքական ընդհանուր փոխանորդ եմ։ Եվ պետությունը այդ վավերացուց»,- նշեց այսօր Հայաստան ժամանած Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Նաև ավելացրեց, որ ութ տարի է փոխանորդ է, և ոչ ոք չի գրում իր արած հաջողությունների մասին. «Ինձի միշտ ասին, որ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է։ Ես էլ լավ կզգամ։ Եթե ես երկրի նախագահին հետ լավ եմ, վարչապետին հետ լավ եմ, նախարարին հետ լավ եմ, դա իմ համայնքի շահն է։ 2010 թվականին երբ որ ես փոխանորդ ընտրվեցա, Անկարա գացի, ասի՝ տարին մեկ անգամ արտոնություն կուզեմ Սուրբ Խաչին համար, ասին՝ լավ, Աթեշյան։ Ասի՝ խաչ պիտի դրվի, համաձայնվեցին»։

Հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Էրդողանին նամակ գրելն ու Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ափսոսալը, Աթեշյանը պարզաբանեց, որ դա բխում է պոլսահայ համայնքի շահերից։ «Այդպես են արել իմ նախորդները՝ նախորդ պատրիարքները: Ես ինքնագլուխ ոչինչ չեմ արել: Նամակն էլ մի քանի հոգով ենք գրել»,- ասաց Աթեշյանը:

Աթեշյանը միևնույն ժամանակ խուսափեց հստակ պատասխան տալ, թե արդյոք եղե՞լ է ցեղասպանություն, թե ոչ։

Աթեշյանը նաև ավելացրեց, որ այսօր պոլսահայ  համայնքը երեք թևի է բաժանված՝ Գարեգին արքեպիսկոպոս  Բեկչյանի,  Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, Աթեշյանի կողմնակիցների։ Իսկ թե երբ կլինեն պատրիարքի ընտրությունները՝ դժվարացավ պատասխանել. «Պետք  է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում` Թուրքիայի կառավարությանը: Թուրքիո իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ լինել: Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն և ընտրվի նոր պատրիարք»,- ասաց Աթեշյանը:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները պետք է տեղի ունենային դեկտեմբերի 13-ին, սակայն չկայացան: