Այվազովսկու ցուցահանդեսը դիտել է ավելի քան 50 000 այցելու (տեսանյութ)

Հայկական արվեստը Հայաստանից դուրս քարոզելու ծրագիրը ազգային պատկերասրահի տնօրենը համարում է հաջողված։ «Մենք հայերս ենք հպարտանում Սարյան, Մինաս ասելով: Այս անունները ծանոթ են խորհրդային սերունդին, մինչդեռ նոր սերունդն առանձնապես տեղեկացված չէ,- ասում է նա։- Օրինակ, դասական, ակադեմիական գրքերում գրված է, որ իմպրեսիոնիզմը ֆրանսիական գեղանկարիչների արվեստն է, սակայն Մոսկվայի «Ռուսական իմպրեսիոնիզմ» մասնավոր ցուցասրահում շշմելու հաջողված անցավ «Հայ իմպրեսիոնիստներ» ցուցադրությունը, որի ֆինանսական ծախսերն, ի դեպ, այս կազմակերպությունն իր վրա էր վերցրել»։

Հայաստանի Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը այսօր ամփոփեց տարվա աշխատանքը և ներկայացրեց 2018-ի սպասելիքները։

Տարվա ցուցադրությունը, իհարկե Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն էր։ Իրոք նախադեպը չունեցող ցուցահանդես էր, ասում է տնօրենը։ 50 000 այցելու է գրանցվել։ Նման տվյալ անգամ խորհրդային տարիներից մեր աշխատողները չեն հիշում։

Երկրորդ մեծ աշխատանքը, որ իրականացվել է մի քանի սրահների վերանորոգումն ու տեխնիկական վերազինումն է, միջազգային չափանիշներին համապատասխան, որի արժեքն ի դեպ 28 միլ. դրամ է կազմել։ Այս տարի էլ մտադիր են չորրորդ և վեցերորդ հարկերի սրահները հիմնանորոգել։ Այսպես մաս-մաս կվերանորոգեն, իսկ թե մի օր նոր շենք տեղափոխվեն, դե ինչ արած,պատմության թանգարանին է մնալու։» «Նրանց գործը կհեշտանա, մենք էլ ազգանվեր գործ արած կլինենք, – ասում է Ծատուրյանը։ Կարևոր է նաև արխիվի թվայնացման հարցը։ Ի ուրախություն երիտասարդ գիտնականների, թվայնացվելու է ամբողջ արխիվը,  որը տնօրենի խոսքով, էժան բան չէ, թանկ հաճույք է, բայց օգտատերերի համար վճարը սիմվոլիկ է լինելու։

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա սպասվելիք միջոցառումներին և ցուցադրություններին նախատեսված են երկու հոբելյանական ցուցահանդես Հովհաննես Զարդարյանի և Հակոբ Գյուրջյանի, նաև Լևոն Թութունջյանի, Հրանտ Թադևոսյանի և Ժան Պողոսյանի անհատական ցուցահանդեսները։ Իսկ  թե հնարավուր լինի իրականացնել նախատեսվածը, ապա տարվա հիթը կդառնա դրսից բերված Պիկասսոյի կտավների ցուցադրությունը։